News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է մահացել: Գնդացրորդ Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը հայտնաբերել են բերանի աջ ստորին եւ գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքներով: 23-ամյա Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն համայնքից էր, ծառայության էր անցել 3-4 տարի առաջ: Համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանն ասում է՝ «խելոք տղա էր, ինչքան հայտնի է՝ ծառայության ընթացքում ոչ մի խնդիր չի ունեցել»: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու, մասնավորապես, 2017 թվականի պետբյուջեի նախագիծը: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը խոսել է պետական ապարատի ուռճացվածության մասին: Ասում է՝ պետական գերատեսչություններում աշխատակազմերը երեք եւ ավելի անգամով ավելացել են: Արդյունքում նաեւ այդ մարդկանց պահպանման ծախսերի ու աշխատավարձերի խնդիր է առաջ գալիս: Թվային պատկեր ներկայացնելով՝ Մանուկյանը վերջում Պոզներից մեջբերում է արել:

Միքայել Մելքումյանն էլ խոսել է բերքի մթերման խնդիրների, ստվերային տնտեսության, տնտեսական որոշում կայացնողների նկատմամբ հետադարձ պատասխանատվության մեխանիզմի կիրառման անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանին էլ մտահոգում է այն, որ վերջին 10-12 տարում 6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել: Ասում է՝ քանի դեռ Հայաստանում չկա արդյունաբերություն, տնտեսական զարգացում չի լինի: Պատգամավորը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ծառայողական մեքենաների առատության խնդրի վրա: Հաշվարկել է. ծառայողական ավտոմեքենաների վրա պետությունն ավելի շատ փող է ծախսում, քան սահմանամերձ գյուղերին է տալիս՝ շուրջ 200 մլն դրամ:

Արդարադատության նախարարից էլ լրագրողները հետաքրքրվել են ապօրինի հարստացածների համար պատիժ սահմանող օրինագծի մասին: Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ առաջարկվող նախագծով ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ պաշտոնյայի կնոջ, որդու համար: Նախարարը նաեւ վստահեցրել է. փախչելու տեղ չեն ունենա:

Արտահերթ նիստն այսօր ընդմիջվել է: Մինչեւ երկուշաբթի պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները ժամանակ ունեն՝ նախագծի շուրջ առաջարկներ ներկայացնելու համար։

Պետական տեսուչներին չպետք է որպես պատժողների ընկալել: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը եւ տեսչական ստուգումներ կատարող գերատեսչություններին հանձնարարել վերանայել դրանց անցկացման պրակտիկան։ Ասում է՝ տեսուչը ոչ թե վերահսկիչ է, այլ օգնական։ Պետք է թերությունների վերացման կանխարգելիչ միջոցներ առաջարկել, եւ պատժել կարելի է միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը շարունակում է թերացումներ թույլ տալ:

Վարչապետի այսօրվա հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է իրանական շուկայում հայկական արտադրանքի ծավալների ավելացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաեւ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը: Հարկավոր է նաեւ աշխուժացնել ներդրումները: Կարեն Կարապետյանը ներդրումային ծրագրեր ունեցողներին կոչ է արել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն դիմել: Իրավաբանական անձանց լիցենզիաները հարկավոր է տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Վարչապետը հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակել: Բացառություն պետք է արվի միայն այն լիցենզիաների համար, որոնք պետական գաղտնիքի տարրեր են պարունակում:

«Նաիրիտ»-ի աշխատակիցներն այսօր անսպասելիորեն մտել են Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շենք: Նախարարի հետ հանդիպում էին պահանջում: Աշոտ Մանուկյանը ստիպված է եղել դուրս գալ նաիրիտցիների դժգոհությունները լսելու: Հավաքի մասնակիցներն ասում են՝ շուրջ 261 աշխատակից արդեն 5-րդ ամիսն է՝ աշխատավարձ չի ստացել: Նաեւ վստահեցրին, որ ոչ մի կերպ չեն կարողանում նախարարին տեսնել: Աշոտ Մանուկյանը զարմացած էր. հնարավոր չէ: Գործարանի աշխատակիցները խնդրել են իրենց աշխատավարձերի վճարման հստակ ժամկետներ նշել: Աշոտ Մանուկյանը, սակայն, կառավարությունում հերթական քննարկումների մասին է նշել եւ խստացել ծանոթանալ նաիրիտցիների պահանջներին: Այս պատասխանը բարկացրել է նաիրիտցիներին:

Ողբերգական դեպք Երեւանում: Ագաթանգեղոս փողոցում միջին տարիքի տղամարդու դի է հայտնաբերվել: Իրավասու մարմինները փորձում են պարզել նրա ինքնությունն ու բնակության վայրը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Շենգավիթի «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ Պետրոս Իսրայելյանին եւ Ռուբեն Խաչատրյանին: Բացի այդ, սպանության կասկածանքով այսօր բերման են ենթարկվել քրեական հեղինակություն Բանդուրյան եղբայրներից Ալիկը՝ «Քյավառցի Ալիկ» մականունով եւ Արմեն Գալստյանը՝ «Բդո» մականունով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից Արամ Պետրոսյանը հիվանդանոցում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով:

Նոյեմբերի 18-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 508, ռուբլունը՝ 7 դրամ 36 լումա, ֆունտինը՝ 594 դրամ։

Նոյեմբերի 19-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ