Հերթական անգամ Ադրբեջանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ սրում է իրավիճակը:

Վաղը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք երեք նախագահների հանդիպման նախօրեին, ադրբեջանցիները կրկին հայ զինվոր են սպանել:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, ժամը 16.45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 20-ամյա Հարութ Աշոտի Գրիգորյանը:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Հատկանշական է, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին կամ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երեք երկրների նախագահների Սանկտ-Պետրեբուրգում հանդիպման հաջորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել է Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը, ինչի արդյունքում հայկական կողմից զոհվել է չորս զինվոր, վիրավորվել՝ եւս չորսը: