News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր նորից 2017 թվականի պետբյուջեի նախագիծն էին քննարկում: Պատգամավորները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, բայց նախագծի լրամշակումից գոհ չեն: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հայտարարել է. բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, իսկ քաղաքական փաստաթուղթը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Ասում է՝ Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին բացարձակ չեք անդրադառնում, դեղատոմս չեք առաջարկում, այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություններից:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ Վարդան Արամյանին կոչ է արել պատգամավորների ներկայացրած առաջարկները մեկ անգամ եւս ուսումնասիրել եւ նոր միայն արձագանքել: Ասում է՝ իր ներկայացրած առաջարկների վերաբերյալ կառավարությունն անհեթեթ պատասխաններ է տվել: Պատգամավորի եւ ֆինանսների նախարարի միջեւ թեժ բանավեճ է սկսվել աշխատավարձերի հարցով: Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը: Ասում է՝ մարդիկ կսկսեն ավելի շատ ծախսել եւ հարկերի տեսքով բյուջե մուտքեր կապահովվեն: Նաեւ վստահ է. դրանով ստվերի դեմ էլ կպայքարենք: Հեղինե Բիշարյանն էլ նոր կառավարությունից եւ հաջորդ տարվա բյուջեից հույսի ակնկալիք ուներ, բայց նախարարները չեն ասում, որ 2017 թվականին երկրում լրջագույն տնտեսական աճ է արձանագրվելու, արտագաղթը դադարելու է, աշխատատեղեր են բացվելու:

Չարժե որոշ սփյուռքահայերի հայտարարություններից պատմություն սարքել: Հրանուշ Հակոբյանն այսպես է արձագանքել հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի կարծիքին, թե Հայաստանում կատարվող իրադարձություններից սփյուռքահայերը կտրված են, նաեւ ռեժիսոր Էրիկ Նազարյանի հայտարարությանը, որ պատմական հայրենիքում Սփյուռքին որպես բանկոմատ են դիտարկում: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին սփյուռքահայերի դիտորդական առաքելությանը. նախարարը դրանում արտառոց ոչինչ չի տեսնում, բայց կարծում է, որ նոր Ընտրական օրենսգրքով արվել է առավելագույնը՝ դրանք լավագույնս կազմակերպելու եւ արդյունքների շուրջ կասկածներ չունենալու համար:

Քառօրյա պատերազմի ժամանակ արկակոծվող Թալիշից մի կերպ դուրս եկած եւ Չարենցավանում բնակություն հաստատած Պետրոսյանների 5 հոգանոց ընտանիքը պատրաստ չէ վերադառնալ Թալիշ: Ընտանիքի մայրն ասում է՝ երեք երեխա ունեմ, «մինչեւ հիմա ապրած սթրեսի ազդեցության տակ են, նրանց հետ էլի կրակի բերան չեմ գնա»: Թալիշի գյուղապետը, սակայն, համաձայն է հայտարարություններին, որ արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի, հատկապես՝ Թալիշ համայնքի անվտանգությունը:  Վիլեն Պետրոսյանը վստահ է. անհրաժեշտության դեպքում բոլորն էլ կվերադառնան, բայց հիմա կարեւորը ոչ թե գյուղի վերաբնակեցման, այլ վերակառուցման հարցն է: Ի դեպ, վերջին օրերի ընթացքում Թալիշ վերադարձած տղամարդիկ շարունակում են մնալ գյուղում, հիմա իրավիճակն այնտեղ հանգիստ է, կրակոցներ չկան: Նշենք, որ հուլիսի վերջից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում: Ներկայում այնտեղ 28 թալիշցի ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 114 բնակիչ: Երեխաների համար Ալաշանում նաեւ դպրոց է բացվել:

Կառավարությունը պետբյուջեից միջոցներ կհատկացնի՝ Վանաձորի տնակների հրդեհի հետեւանքով տուժած բնակիչներին բնակարանով ապահովելու համար: Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ առաջին հերթին մարզային իշխանություններն են պարտավոր տուժածներին ժամանակավոր բնակարանով ապահովել, իսկ հետո նրանք կարող են պետբյուջեից գումար ստանալու դիմում ներկայացնել՝ այդ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում ուժգին հրդեհի հետեւանքով այրվել է ժամանակավոր կացարանի համար նախատեսված 5 տնակ: Արդյունքում առանց տանիքի է մնացել 19 մարդ:

Նախօրեին տեղացած առատ ձյան պատճառով Լոռու մարզում բազմաթիվ վթարներ են գրանցվել: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում ավտովթար է գրանցվել Ստեփանավան ավտոճանապարհին, ինչի հետեւանքով վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մինչեւ ժամը 12-ը ծայրահեղ վատ իրավիճակ է եղել Վանաձոր-Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին: Այն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, իսկ ճանապարհներին աղ ու ավազ սկսել են լցնել ժամեր անց միայն: Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին նույնպես տասնյակ վթարներ են արձանագրվել. բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Սպիտակի հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ նաեւ մի ողբերգական ավտովթար է կանխվել: Մեքենան կիսով չափ թեքված է եղել ձորը, որում եղել են վարորդը, կինն ու նրանց երեխան: Փրկարարները կարողացել են անվնաս ուղղել մեքենան:

Մահացու վրաերթ Երեւանում: «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Իսրայել Հովհաննիսյանին. նա տեղում մահացել է: Քննություն է կատարվում: 45-ամյա վարորդը՝ Արմեն Ղ.-ն, «Գրանդ Քենդի» ընկերությունում որպես ինժեներ է աշխատում:

Դեկտեմբերի 6-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն թռիչք է գործել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 7 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 614 դրամ։

Դեկտեմբերի 7-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ