News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում տեղացած առաջին առատ ձյունը որքան էլ անսպասելի չէր, կաթվածահար է արել երթեւեկությունը։ Նախօրեից սկսված ձյունը մինչեւ կեսօր արդեն հաստ շերտի էր վերածվել, խցանումներ առաջացրել մայրաքաղաքի ճանապարհներին, մարզային ճանապարհներն էլ դարձրել անանցանելի։ Օրվա ընթացքում NEWS.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել վարորդներից, որոնք ստիպված էին ժամերով սպասել, մինչեւ ճանապարհները կմաքրեին ձնից։ Տրանսպորտի նախարարության պատճառաբանությունը «խոստումնալից» է․ սպասում են՝ բուքը դադարի, որ ճանապարհները մաքրեն։

Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկարամ Մխիթարյանը։ Մինչեւ այս նա զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ երկարատեւ հիվանդությունից հետո մահացած նախկին նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18։00-ին, Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում, նրան վերջին հրաժեշտը կտան հաջորդ օրը Մարզահամերգային համալիրում, կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում։

Պատգամավորներն այսօր նիստը սկսել են Երիցյանի հիշատակին մեկ րոպե լռությամբ։ Դրանից հետո Ազգային ժողովը բավական աղմկոտ էր, քննարկում էին պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շուրջ 6 ժամ պատասխանում էր պատգամավորների հարցերին, ձեռքի հետ էլ պաշտպանում օրինական ճանապարհով հարստացած պաշտոնյաներին։ Օրենքի հետ կապված մտահոգությունները հիմնականում մի քանիսն էին․ եթե ստիպեն պաշտոնյաներին հայտարարագրել ամբողջ ունեցվածքը, վտանգ կա, որ նրանք կարող է երկրից դուրս բերեն իրենց կարողությունը։ 

Պատգամավորները նաեւ պահանջում են, որ օրենքը հետադարձ ուժ ունենա, այլապես նախկինում ապօրինաբար հարստացածները կխուսափեն պատժից։ Արփինե Հովհաննիսյանը բացառում է այդ հնարավորությունը։

Վտանգ կա նաեւ, որ պաշտոնյաները խուսանավելու ելք կգտնեն՝ օգտագործելով հին եւ փորձված մեթոդը՝ բարեկամների ու ծանոթների անունով գրանցելով իրենց ունեցվածքը։ Արփինե Հովհաննիսյանը կասկածում է, որ պաշտոնյաներն այդքան շատ վստահելի մարդիկ ունենան։

Նաիրա Զոհրաբյանը սկսեց վերջերս նորաձեւ դարձած Կարեն Կարապետյանի ոճով․ ինքը հարց տվեց, ինքն էլ պատասխանեց։ Նա պահանջեց, որ օրենքը պաշտոնյաներին արգելի փոխառություն կամ ինչպես ասում են, տոկոսով փող տալ։ Բոլոր պաշտոնյաները հաճախ են այս հնարքն օգտագործում իրենց հայտարարագրերում՝ խոշոր եկամուտները թաքցնելու համար։

Զոհրաբյանի կարծիքով, այս օրենքը որեւէ երկրում չի աշխատել, Հայաստանում առավել եւս չի աշխատի․ եթե ցանկություն լիներ, գործող օրենքներով էլ կարելի էր պատժել ապօրինի հարստացած պաշտոնյաներին, մինչդեռ Հայաստանում նրանց չարաշահումների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պաշտոնից ազատվում են։

Հարցերի տարափի դեմ պայքարող Արփինե Հովհաննիսյանի լարվածությունը փորձեց թուլացնել Տիգրան Ուրիխանյանը։ 

Արդարադատության նախարարն այնքան էր ամբիոնի մոտ կանգնել, որ Շարմազանովը չէր կարող այդ կապակցությամբ ռեպլիկ չանել։ 

Ավելի ուշ արդեն ամբիոնի մոտ պատգամավորները հիմնականում նույն բանն էին ասում՝ ելույթները համեմելով գարշահոտ համեմատություններով։ 

Գիշերը առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Նկարիչների միության 4-րդ հարկի վարձակալվող սենյակներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի։ Պարզվել է՝ մահացածը Ռոբերտ Հարությունյանն է, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրը, որն արդեն երկար ժամանակ վարձով էր ապրում այդ շենքում։ Նա մահացել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից, ձեռքին եղել է ատրճանակ, հատակին պարկուճ եւ գնդակ։ Ինչից է մահացել Հարությունյանը, կպարզի հետաքննությունը։

Եվս մեկ հյուրանոցային քրեական պատմություն։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, Երեւանի հյուրանոցներից մեկից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված երիտասարդ։ Դեռեւս չհաստատված տեղեկություններով, Երվանդ Չիլինգարյանին դանակահարել է երիտասարդ աղջիկ։ Հայտնի չէ՝ ինչով կավարտվեր վիճաբանությունը, եթե հյուրանոցի աշխատակիցները չվնասազերծեին աղջկան եւ նրանից չխլեին դանակը։ Տեղեկություններ կան, որ աղջիկը վիճել է հարազատների հետ եւ հեռացել տնից, ընկերը նրան առաջարկել է միասին գիշերել հյուրանոցում, թե ինչու են երիտասարդները որոշել հյուրանոցում համատեղ գիշերը վեճով եւ դանակահարությամբ ավարտել, կպարզեն իրավապահ մարմինները։

Սպորտի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն առայժմ չի պատրաստվում հետեւել մյուս նախարարներին օրինակին եւ համալրել Հանրապետականների շարքերը։ Բացատրում է նրանով, որ սպորտը պետք է հնարավորինս ապաքաղաքական լինի։ Լրագրողների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է նաեւ Ռուբեն Հայրապետյանի եւ իր հեռակա պատերազմին, որը սկսվել էր այն բանից հետո, երբ Ռոստոմյանը հրապարակավ քննադատել էր հայկական ֆուտբոլի վիճակը։ Ինչու ֆեդերացիայի նախագահի եւ նախարարի «ջրերը մեկ առվով չեն հոսում», հետաքրքրվել են լրագրողները։

Մի փոքր կայունանալուց հետո դոլարը կրկին սկսել է աճել։ Այն այսօր կազմել է 485 դրամ, աճել է նաեւ ռուսական ռուբլին՝ կազմելով 7,98 դրամ, ինչպես նաեւ եվրոն՝ 515 դրամ, նվազել է միայն ֆունտը՝ 614 դրամ։

Դեկտեմբերի 15-ին նույնպես Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։  Օդի ջերմաստիճանն աստիճաբանար կնվազի՝ 10-12 աստիճանով։ Երեւանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ -6, վաղը ցերեկը կդիտվի 0-ից 2 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ