News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արդեն երկու շաբաթ հայկական բեռնատարները Վերին Լարսում սպասում են, որ ճանապարհը բացվի: Մի կողմից բնության քմահաճույքը, մյուս կողմից նրանց օգնելու իշխանությունների անկարողությունը վարորդներին հասցրել է հուսահատության: Օրերս նրանց այցելած Տրանսպորտի նախարարին վարորդները բողոքել են. իրավիճակը շատ լուրջ է, իրենք հայտնվել են անմարդկային պայմաններում: Վահան Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է մեքենաները շուտափույթ ձյան թակարդից դուրս բերելու համար, աշխատում են վրացական կողմի հետ: Դատելով նախորդ տարիների փորձից, սակայն, նախարարի համար հեշտ չի լինի խոստումը պահել:

Այսօր արդեն Երեւանում լրագրողներին Վահան Մարտիրոսյանն ասել է՝ Լարսում Հայաստանի քաղաքացիներին պատկանող մոտ 4 հարյուր բեռնատար է այս պահին կանգնած, իրենք ոչնչով չեն կարող օգնել, մեղավորը ձյունն է: Հայաստանի ճանապարհների վիճակն էլ մի բան չէ, նկատել են լրագրողները: Տրանսպորտի նախարարության պատմության մեջ առաջին անգամ նախարարը խոստովանել է՝ ձյուն մաքրող տեխնիկան բավարար չէ, չեն հասցնում մաքրել ճանապարհները: Այնուամենայնիվ, մարզային ճանապարհների աղետալի վիճակի համար նախարարը մեղադրում է նաեւ վարորդներին. շատերը մինչեւ հիմա ամառային անվադողերով են: Եթե նոււյնիսկ նախարարությունը Վերին Լարսի խնդիրը լուծելու գործում թերացել է, հույս կա, որ այսօրվանից արդեն գիշերը հանգիստ չեն քնի. Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ ուշադիր եղեք:

Կարեն Կարապետյանը Կառավարության նիստը սկսել է արդեն ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետը նախարարությունների եւ մարզպետարանների աշխատանքից դժգոհ է՝ քաղաքացիների դիմումներին անդեմ եւ գրեթե ոչինչ չասող պատասխանների մշակույթին պետք է վերջ տալ, կասեցնել ապօրինի ջրօգտագործումը, դպրոցներում հայտնաբերված թերությունները վերացնել երկու շաբաթվա ընթացքում, ուսումնասիրել «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսանողների բունտի իրական պատճառները եւ եռօրյա ժամկետում ներկայացնել արդյունքները:

Հայաստանի դպրոցներում խնդիրները շատ են, բայց այս պահին առավել մտահոգիչ է սեզոնային գրիպը: Առողջապահության նախարարը Կառավարության նիստից հետո վստահեցրել է՝ վտանգն արդեն անցել է, հիվանդությունը նահանջում է: 

Առողջապահության նախարարը խրոնիկ սովորություն ունի. ինքն իրեն հերքել: Օրեր առաջ նա առաջարկել էր բժիշկներին տրվող մաղարիչն օրինական դաշտ բերել, այսինքն՝ հարկել: Մեծ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունն Ալթունյանն այսօր հերքեց ժպիտով:

Սա կարծես թե նորանշանակ նախարարների ոճն է. նախ ասում են, ապա հերքում, կամ հորդորում անլուրջ վերաբերվել իրենց ասածներին: Օրերս մշակույթի նախարարը հայտարարել էր, որ պատրաստ է գնել Լեւոն Տեր- Պետրոսյանի աճուրդի հանված զրահապատ «Մերսեդեսը»: Արդյոք միտքը դեռ չի փոխել, NEWS.am-ի հարցին Ամիրյանը պատասխանել է՝ լուրջ չէ:

Այսօր Գյումրիի օդանավակայանից առաջին չվերթն է իրականացրել ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը: Ընդամենը 16 դոլարով տոմսեր ձեռք բերած շուրջ 200 ուղեւորներից 16-ը մնացել է օդանավակայանում: Վանաձորցիներն առավոտյան արթնացել էին եւ հայտնաբերել, որ ձյունը փակել է ճանապարհը, ձնամաքրող մեքենա են կանչել ու մի կերպ հասել Գյումրի, բայց ռուսական ընկերությունը նրանց թույլ չի տվել ինքնաթիռ բարձրանալ: Վանաձորցիներին փորձել է օգնել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տեղում զանգահարել է «Պոբեդա»-ի տնօրենին եւ խնդրել, որ ընդառաջի:Բալասանյանի զանգը չի օգնել, վանաձորցիները ձեռնունայն հեռացել են Գյումրիից:

Առատ ձյունը պատգամավորների մոտ միայն դրական էմոցիաներ է առաջացնում: Արտահերթ նիստի ամենաթեժ օրակարգի պայմաններում նրանք ժամանակ են գտել եւ Ազգային ժողովի բակ են իջել՝ ձնագնդի խաղալու եւ ձյան մեջ թավալվելու

Այդ ընթացքում նիստերի դահլիճում կարեւոր նախագծեր էին քննարկվում եւ մեկը մյուսի հետեւից դրվում քվեարկության: «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ «Շմայսը», քվեարկեց իր կողքին նստող Ռուբեն Սադոյանի փոխարեն: Սա չվրիպեց Թեւան Պողոսյանի աչքից. աթոռը դատարկ է, կոճակը՝ կանաչ: Նրա պահանջով Գալուստ Սահակյանը Սադոյանի «այո»-ն չհաշվեց, Առաքել Մովսիսյանն էլ Թեւան Պողոսյանին «գործ տվող» անվանեց:

Գործ տալու անհրաժեշտություն շուտով Ազգային ժողովում չի լինի: ՀՀԿ-ական եւ Դաշնակցական պատգամավորների առաջարկած նոր Կանոնակարգ- օրենքով պատգամավորները հնարավարություն կունենան քվեարկությանը մասնակցել, նույնիսկ երբ Ազգային ժողովում չեն՝ պատճառաբանելով, որ գործուղման մեջ են եւ իրենց քվեարկելու իրավունքը գրավոր փակ ծրարով հանձնելով քարտուղարությանը: Օրենքի նախագիծն արդեն հաղթահարել է առաջին ընթերցման քննությունը եւ հավանաբար, վաղը երկրորդ ընթերցմամբ կդրվի քվեարկության:

Ազգային ժողովն այսօր վերջնականապես ընդունեց «1000 դրամների» նախագիծը: Օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 29-ից, ամեն ամիս Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից 1000 դրամ կհատկացնեն մարտական գործողություններում վիրավորված կամ զոհված զինծառայողների ֆոնդին: Նվազագույն աշխատավարձ ստացողների փոխարեն կվճարեն գործատուները, իսկ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները չեն վճարի:

Գագիկ Ծառուկյանը հայտնվել է դիվանագիտական սկանդալում: Նա Գյումրի է այցելել Բելառուսի դեսպանատան դիվանագիտական համարանիշով: «Range Rover»-ի տարօրինակ պետհամարանիշը լրագրողների աչքից չէր վրիպել: Փաստորեն, Ծառուկյանն իր թանկարժեք ավտոմեքենան ներմուծելիս չի մաքսազերծել՝ խնայելով մի քանի հազար դոլար: Հաշվի առնելով Ծառուկյանի բարեկամական հարաբերությունները Լուկաշենկոյի հետ՝ գործարար պատգամավորի համար դիվանագիտական պետհամարանիշ ստանալը խնդիր չի եղել: Ծառուկյանն այսօր ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել Բելառուսի դեսպանատնից՝ նրանց  դիվանագիտական սկանդալի մեջ ներքաշելու համար: Ընդ որում, Ծառուկյանը պնդում է՝ Range Rover-ն իրենը չէ, դեսպանատան մեքենան է:

Նոր Նորքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգիստը: Արարողությանը մասնակցել է բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, մեծ թվով քաղաքացիներ:

ՊՊԾ գնդի գրավումից հետո Խորենացի փողոցում սպանված ոստիկանության երկու ծառայողների ընտանիքները նոր բնակարաններ կստանան: Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին Երեւանի քաղաքապետարանը նոր բնակարանների բանալիները կհանձնի դեկտեմբերի 21-ին:

Լեոնարդո դի Կապրիոն խոշոր գումար է նվիրաբերել «Հայաստանի մանուկներ»  հիմնադրամին: Նա 65 հազար դոլարով գնել է Ջո Բրադլիի՝ աճուրդի հանված նկարը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հայ գիտնական Կարո Արմենի ստեղծած հիմնադրամին: Այն օգնում է Հայաստանի գյուղերում բնակվող կարիքավոր երեխաներին: Ավելի վաղ հիմնադրամին աջակցել էր նաեւ հոլիվուդյան մեկ այլ մեգաաստղ Թոմ Հենքսը:

Հիմնական բոլոր տարադրամների փոխարժեքներն այսօր նվազել են: Դոլարը 485 դրամ է, եվրոն՝ 509-ը, ֆունտը՝ 607, իսկ ռուբլին՝ 7,88 դրամ:

Հայաստանում սաստիկ սառնամանիքներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ից 19-ը կտրուկ կնվազի, ամենաշատը Վայոց ձորում եւ Լոռիում՝ մինչեւ -30 աստիճան: Երեւանում վաղը հնարավոր է՝ թույլ ձյուն, գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ -8, ցերեկը՝ -5:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ