News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Արմեն Աշոտյան - քաղաքական գործիչ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Էվթանազիայի հարցն ընդհանուր առմամբ որոշ առումով բարոյական օքսյումորոն է։ Չի կարող մահը «լավը» լինել։ Քրիստոնեական բարոյականության եւ լիբերալ էթիկայի բախումը գլոբալ խնդիր է։ Իսկ էվթանազիան դրա դրսեւորումներից մեկն է։

Մանկական էվթանազիայի հարցն անգամ չպետք է քննարկվի մեր երկրում։

Ես դեմ եմ էվթանազիային՝ որպես այդպիսին։ Ավելի լավ է առավել շատ ուշադրություն դարձնել այսպես կոչված ամոքիչ (պալիատիվ) բժշկությանը։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Նոր աշխարհի շարքից հերթական հարցն է։ Ի՞նչն է կարեւոր։ Գիտության նվաճումնե՞րը, թե՞ բարոյական հրամայականը։

Կյանքին պահպանողական մոտեցումը չի խոչընդոտում առաջընթացին, այլ միայն այն ողջամիտ սահմաններում է պահում։ Այս դեպքում բժշկությունը պետք է զարգանա՝ հանուն անհատականության պահպանման, մարդու, այլ ոչ թե դրա պատճենման։ Այսինքն՝ օրգանների կլոնավորմանն՝ այո, մարդուն՝ ոչ։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Մասնագիտությամբ ես ոչ թե պարզապես բժիշկ եմ, այլ դատաբժիշկ եմ, որը ժամանակին աշխատել է եւ դասավանդել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում։ Գիտե՞ք, թե ինչու ես թողեցի իմ մասնագիտությունը։ Շատ դժվար է ամեն օր բախվել մահվան հետ։ Մահվան, որը ոչինչ չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ պլաններ, ո՛չ սեր, ո՛չ փող։

Հին ժամանակներում դիահերձարանի մուտքի մոտ լատիներեն գրված էր լինում «hic locus est, ubi mors gaudet succurrere vitae», ինչը թարգմանաբար նշանակում է «այստեղ մահը ծառայում է կյանքի հաղթանակին»։ Ելնելով այդ սկզբունքից՝ ես կողմ եմ օրգանների դոնորությանը։ Դա հնարավորություն է մահից հետո շարունակել կյանքը, թեկուզեւ ուրիշինը։

Բնականաբար, այդ հարցը օրենսդրական եւ կատարողական նրբանկատություն է պահանջում, որպեսզի խուսափենք դոնորական օրգանների «սեւ շուկայից»։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Ինչպես ասում էին մեծերը. «Մի՛ վախեցեք մահից։ Երբ կաք դուք, չկա նա։ Երբ կա նա, դուք չկաք»։

Այսօր ես վախենում եմ մահից, քանի որ իմ լինելուց են կախված իմ երեխաների, ծնողների, հարազատների, մտերիմ մարդկանց ճակատագրերը։ Ես կվախենամ այնքան ժամանակ, քանի դեռ մտածում եմ, որ պետք եմ նրանց։

Ամենից շատ, իհարկե, վախենում եմ մտերիմ մարդկանց կորցնել։

Աբորտների մասին

Աբորտները պետք է թույլատրել օրենսդրական մակարդակով։ Հատկապես բժշկական ցուցումների առկայության դեպքում։ Այլ բան է, որ պետք է ավելի ինտենսիվ մշակութա–լուսավորչական հանրային արշավ տանել։

Երեխան Աստծու պարգեւն է։ Եվ եթե բժշկական ցուցումներ եւ անձնական ողբերգություններ չկան, պետք է քարոզել՝ հօգուտ նոր կյանքի։

Աղքատների եւ ողորմության մասին

Շատ հազվադեպ։ Երբ ոչ ոք չի տեսնում։ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս։ Նախընտրում եմ նրանց ավելի էական օգնություն ցուցաբերել։ Կրթության նախարար լինելու ժամանակ, օրինակ, փորձում էի լուծել կրթության հետ կապված նրանց խնդիրները։

Մեկ խորհուրդ երեխային

Հավատա՛ Աստծուն, ուժե՛ղ եղիր եւ հույսդ դի՛ր միայն քեզ վրա։

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիքԷվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ