
NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։
Գայանե Բրեիովա - ռեստորանատեր եւ հեռուստահաղորդավար, Մոսկվայի «Պանաեխալի» սրճարան-բարի եւ Gayane’s ռեստորանի սեփականատեր
Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին
Անչափ վիճելի հարց է: Չեմ կարող միանշանակ պատասխանել: Բանն այն է, որ ուրիշի ցավի հանդեպ որքան էլ զգայուն լինենք, միեւնույն է՝ չենք կարող շոշափելիորեն զգալ, թե մարդն իրեն որքան վատ է զգում:
Եթե խոսելու լինենք այն մասին, թե մեծահասակ մարդն իրավունք ունի՞ էվթանազիայի որոշում կյացնելու, ապա կասեմ՝ այո՛:
Կարո՞ղ է արդյոք նման որոշում կայացնել երեխան: Իսկ ի՞նչ է… նա ավելի պակա՞ս է ցավը զգում կամ ա՞յլ կերպ է զգում:
Կարո՞ղ է արդյոք երեխայի փոխարեն ծնողը որոշում ընդունել: Իմ կարծիքով, ո՛չ: Նա երբեք չի հրաժարվի երեխայից եւ իր համաձայնությունը չի տա: Ուստի իմ պատասխանն է՝ ավելի շուտ այո, քան ոչ:
Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին
Ես հավատացյալ մարդ եմ, եւ իմ կարծիքով դա Տիեզերքի օրենքներին հակասում է:
Էթիկական տեսանկյունից եւս ամեն ինչ չէ, որ պարզ է: Օրինակ՝ ո՞վ կերաշխավորի, որ մեծահարուստները չեն կարող իրենց կլոնավորել, որպեսզի կլոններին որպես օրգանների դոնորներ օգտագործեն: Անմիջապես հարց է ծագում՝ արդյոք կլոնը լիարժե՞ք մարդ է: Արդյոք ունի՞ ապրելու նույնպիսի իրավունք, ինչպես մենք:
Դրանից զատ, մեր եզակիությունը կորցնելու եւ քաոսում հայտնվելու վտանգին ենք ենթարկվում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ, ինչպես կարծում ենք, նախագահն է խոսում, բայց իրականում ամենեւին էլ ինքը չէ: Բոլորս կսկսենք ապրել մեծ կասկածներով համակված:
Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին
Մահվանից հետո օրգանների դոնորությանը դրական եմ վերաբերվում: Համոզված եմ, որ հոգին հավերժ է ապրում: Հետեւաբար՝ ֆիզիկական մահից հետո որեւէ մեկին օգտակար լինելը, իմ կարծիքով, մարդկայնության բարձրագույն դրսեւորում է:
Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին
Մահից շատ եմ վախենում: Ավելի ճիշտ՝ ինքնին պրոցեսից, պահից, ցավից, այն գիտակցումից, որ քո ժամանակն ավարտվեց:
Չէ՞ որ մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը: Դա մեծ բացթողում եմ համարում: Ես, օրինակ, ցանկանում եմ իմանալ, թե մահացող մարդը մոտավորապես ինչ է զգում, ինչի մասին է մտածում, նրա հետ ինչ է կատարվում:
Կցանկանայի՞ անմահ լինել: Չգիտեմ: Ավելի շուտ՝ ոչ: Կարծում եմ՝ անմահության դեպքում կյանքում շատ բան կարժեզրկվի եւ իմաստազուրկ կդառնա:
Աբորտների մասին
Կինն աբորտի իրավունք ունի: Բայց կցանկանայի, որ աբորտն ավելի շուտ բացառություն լիներ, քան նորմա: Դրա համար անհրաժեշտ է, որ տղամարդիկ եւ կանայք ավելի մեծ պատասխանատվություն ունենան եւ գիտակցեն, որ խոսքը մարդու, կենդանի հոգու մասին է:
Աղքատների եւ ողորմության մասին
Ես աղքատներին ողորմություն եմ տալիս՝ մտածելով սեփական հոգուս փրկության մասին:
Ընդհանրապես այդ խնդիրը մեկանգամյա օգնությամբ չի լուծվի: Կարեւոր է հիմնադրամներին աջակցելը, որոնք համալիր մոտեցում են առաջարկում: Անհրաժեշտ է միավորվել եւ տներ կառուցել, որտեղ կկերակրեն անօթեւաններին, եւ որտեղ նրանք կկարողանան բժշկական օգնություն ստանալ:
Մեկ խորհուրդ երեխային
Կյանքն անգին պարգեւ է, ընդունիր այն, սիրիր եւ ապրիր:
Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս
Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ
Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել
Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ
Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք
Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում
Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին
Անձնական կարծիք.Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է
Անձնական կարծիք․ Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող
Անձնական կարծիք․ Էվելինա Գասպարյան՝ Գալիս է ժամանակը, երբ մահը ցանկալի է դառնում