Բելառուսում Հայաստանի դեսպանի հետ խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Մինսկից պարզաբանում կամ ներողություն չի ստացել 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ։ Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից վերահսկվող միջազգային մատակարարումների կազմակերպման և իրականացման կարգի մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանն այս հարցին անդրադարձել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանից հետաքրքրվել է, թե որքան են տևելու Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները։
«Ինձ զարմացրեց նման մոտեցումը։ Լուրջ եմ ասում. ապշած էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կամ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը կարող է նման վերաբերմունք ունենալ», — նշել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանը հիշեցրել է, որ Բելառուսում Հայաստանի դեսպանին խորհրդակցությունների նպատակով կանչել են 2024 թվականին՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններից հետո։
«Գիտե՞ք՝ ինչու են Բելառուսում Հայաստանի դեսպանին կանչել խորհրդակցությունների։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ են ծրագրել 44-օրյա պատերազմը։ Բելառուսը ՀԱՊԿ անդամ երկիր է, այսինքն՝ նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ է, ինչ մենք», — հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակը։
Նրա խոսքով՝ դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելը Հայաստանի արձագանքն էր հենց այդ հայտարարությանը։
«Այդ խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել պարզաբանում կամ ներողություն», — ընդգծել է ԱԺ փոխնախագահը։





























