News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է վերջին ամիսներին զորացրված, ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ: Նրանց մեծ մասը, ի դեպ, մարտական գործողությունների մասնակից է:

Նախագահը երիտասարդներին շնորհակալություն է հայտնել լավ ծառայության համար, նաեւ ընդգծել, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ եւ որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը: Սարգսյանն առաջարկել է անկաշկանդ խոսել, եւ տղաները բարձրաձայնել են տարբեր խնդիրների մասին: Դրանց շուրջ նախագահը հանձնարարություններ է տվել հանդիպմանը մասնակցող պաշտպանության նախարարին:

Նախընտրական դաշտում արդեն որոշակի հստակություն է նկատվում։ Սեյրան Օհանյանը Վարդան Օսկանյանի հետ նույն թիմում է լինելու։ Նախկին արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ բանակցություններն Օհանյանի հետ ավարտվել են, մնում է միայն հասկանան համագործակցության ձեւաչափը։ Ավելին՝ Օսկանյանը չի բացառում, որ հենց պաշտպանության նախկին նախարարը կարող է գլխավորել ձեւավորվելիք դաշինքի համամասնական ցուցակը։ Ինքը՝ Սեյրան Օհանյանը, դեռ լռում է։ Օսկանյանի «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ շուտով կհրապարակվի նաեւ Օհանյանի հետ համագործակցության ֆորմատը։

Մարգարյանը նաեւ որոշ տեղեկություններ է հաղորդել «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ. մի շարք կարեւոր  հարցերի շուրջ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնության են եկել։ Մինչդեռ «Ժառանգությունը» հայտարարում է, որ դեռ վերջնական որոշում չունի՝ դաշինքով է գնալու ընտրությունների, թե ոչ։ Արմեն Մարտիրոսյանն ասել է՝ բանակցում են մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ծառուկյանի հետ։ Ում հետ էլ ի վերջո որոշեն գնալ ընտրության, դա պետք է լինի միայն լայն համախմբման միջոցով։

Շարունակում է պահպանվել ինտրիգը Հանրապետական  կուսակցության ցուցակի շուրջ։ Ով կգլխավորի ցուցակը, որ հորիզոնականն են նախատեսել Հովիկ Աբրահամյանի համար։ Մամուլը գրում է, որ նախկին վարչապետին դեռ չի հաջողվում համոզել Սերժ Սարգսյանին՝ իրեն վստահել նախընտրական շտաբի ղեկավարումը։  Ասում են՝ դրա համար էլ նա երեկ ՀՀԿ ԳՄ նիստին չի մասնակցել:

ՀԱԿ դաշնակից Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դեռ չի որոշել՝ այս անգամ միանալու են ՀԱԿ-ին, թե ոչ։ Ստեփան Դեմիրճյանը NEWS.am–ին ասել է՝ հունվարի վերջին կհստակեցնեն ձեւաչափը։ Ի դեպ, այսօր՝ կուսակցության հերթական համագումարին Դեմիրճյանը վերընտրվել է կուսակցության ղեկավար։ Ուշագրավ է, որ համագումարը փակ է եղել, չեն մասնակցել ոչ միայն լրագրողները, այլեւ ՀԱԿ-ի գործընկերները։

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն արդեն որոշել է, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին։ Աղվան Վարդանյանը NEWS.am-ին ասել է. 99 տոկոսով՝ միայնակ։ Ի դեպ, հենց նա էլ գլխավորելու է ՀՅԴ-ի նախընտրական շտաբը։

Շատերին հանգիստ չի տալիս ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշումը. բարոյականության մասին է բարձրաձայնվում: Լրագրողները հարցի շուրջ պարզաբանում են խնդրել ԿԸՀ նախագահից: Տիգրան Մուկուչյանը, սակայն, հիշեցրել է. դա հանձնաժողովի գործառույթն ու իրավասությունը չէ: Քվեարկության օրը նշանակված է, իսկ իրենց մնում է միայն նախապատրաստել եւ անցկացնել այն:

Քննարկումների մյուս թեման էլ ընտրատեղամասերում քվեարկության ընթացքը հսկող եւ ուղիղ միացում ապահովող տեսախցիկների տեղադրման հարցն է: Դրա շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը կոնսենսուսի եկան, բայց հիմա խնդիրն անհրաժեշտ գումարի բացակայությունն է: Մրցույթ է հայտարարվել, որին մեկ ընկերություն է մասնակցել, իսկ ներկայացված պահանջները չեն բավարարել: Տիգրան Մուկուչյանը, սակայն, վստահ է, որ նոր Ընտրական օրենսգիրքը թափանցիկ ընտրություն անցկացնելու հնարավորություն տալիս է:

Օվկիանոսից այն կողմ էլ ընտրություններն անցկացվել են, կայացել է նաեւ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը:

Ռուբիկ Հակոբյանն այսօր դիմել է հանրապետության գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատճառը լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննությունն է: Մեր տեղեկություններով՝ Հակոբյանը պատճառաբանել է, որ իր անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Գլխավոր դատախազությունում, սակայն, կարծում են, որ այս պահին Ռուբիկ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա: Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարել էր, թե Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանում հայհոյել ու հարվածել է իր աչքին: Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորին դուր չէին եկել լրագրողի հարցերը, իսկ ավելի ուշ Հակոբյանը լրագրողին առաջարկել է առանձնանալ: Այդ ժամանակ էլ, ըստ լրագրողի, տեղի է ունեցել միջադեպը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին անհետ կորած աղջկա դին են հայտնաբերել: Երիտասարդ աղջկա անհետանալու մասին ոստիկանությանը հաղորդել էր ընկերուհին. հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցից նա անհայտ տաքսի ավտոմեքենա է նստել ու այլեւս տուն չի վերադարձել: Իրավապահները բերման են ենթարկել Կոտայքի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թվականին ծնված Գարեգին Եղիազարյանին: Կասկածյալը հայտնել է աղջկա դիակի գտնվելու վայրը. մարմինը գտել են Արարատի մարզի Սեւակավան բնակավայրի սկզբնամասում՝ ձորակի լանջին:

Հանրապետությունում բոտուլիզմի դեպքեր են գրանցվել: Տավուշի մարզի Զորական գյուղում 6 հոգանոց ընտանիքը տնային պայմաններում պատրաստված լոլիկով եւ պղպեղով պահածո է կերել ու հիվանդանոցում հայտնվել: Ընտանիքի անդամներից 31-ամյա կնոջ վիճակը ծանր է, մյուսներինը՝ կայուն ծանր: Եվս մեկ մարդ էլ բոտուլիզմով վարակվել է Արմավիրի Ակնալիճ գյուղում: Նա նույնպես հիվանդանոցում է:

Կանադայում 107 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մարդը՝ Քնար Բոհջելյան-Եմենիջյանը: Նա ծնվել է 1909 թվականին, Կեսարիայում: Բոհջելյանները երկար ժամանակ թուրքական անուններ են ունեցել՝ Ցեղասպանությունից փրկվելու համար: Քնար Բոհջելյան-Եմենիջյանը 2 որդի ունի, 3 թոռ եւ 3 ծոռ։

Դոլարի վերելքը վերջապես կանգ առավ, էժանացել է նաեւ եվրոն: Հունվարի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 15 լումա, ֆունտինը՝ 597 դրամ:

Հունվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -9-11, իսկ վաղը ցերեկը՝ -4-6 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ