News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փետրվարի 1-ին ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է ձեռնարկել Թալիշի ուղղությամբ: Պաշտպանության բանակի ուժերին հաջողվել է կասեցնել դիվերսիան եւ գերեվարել դիվերսիոն խմբի անդամներից մեկին` 22-ամյա Էլնուր Հուսեյինզադեին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է հրաժարվել իր զինծառայողից. տարածել է հայտարարություն`իբր Էլնուրը անկարգապահ զինծառայող է եղել, իսկ հիմա զորացրված է եւ չի ծառայում Ադրբեջանի զինված ոժերում: Ավելի ուշ, սակայն, համացանցում տարածվեց տեսանյութ, որում Էլնուրի հարազատները պատմում էին, որ ծառայությունն ավարտելուց չորս ամիս անց իրենց որդուն կրկին շտապ ծառայության են կանչել զինված ուժեր:

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, որ գերու վիճակը նորմալ է, նա կատարյալ անվտանգության մեջ է, ավելի ապահով, քան իր հայրենիքում, որի իշխանությունները փաստացի նրանից հրաժարվել են: Ի դեպ, սա Բաքվի ձեռագիրն է. ամեն անգամ, երբ շփման գիծը խախտող որեւէ զինծառայող հայտնվում է հայկական կողմի ձեռքում, Ադրբեջանը նախ նրանց դասալիք է դարձնում, ապա անպայման հայտարարում, որ նրանք զինված ուժերի հետ որեւէ կապ չունեն: Սա առնվազն ծիծաղելի է, քանի որ զինծառայողը, որը ներկայացվում է որպես զորացրված, եղել է զինվորական համազգեստով եւ զինված: Հայ քաղաքագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակում շփման գծում նոր էսկալացիան լիովին հավանական է. պատճառը Ադրբեջանի ներքաղաքական ու սոցիալական ծանր վիճակն է: Ադրբեջանական մանաթը շարունակում է արժեզրկվել եւ չի բացառվում, որ Ալիեւը հերթական արկածախնդրության գնա` այդ խնդիրներից հասարակությանը շեղելու նպատակով:

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Արարատի մարզը Հանրապետականի համար խնդիր է դարձել. նախկին վարչապետի ազդեցությունն այս մարզում մեծ է եւ նախկինում Հանրապետականի համար հենց Հովիկ Աբրահամյանն էր ապահովում ձայներն այս մարզից: Ո՞վ կարող է հակակշիռ դառնալ նախկին վարչապետին, մինչեւ երեկ քննարկվում էր երկու անուն` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: Երկուսն էլ ծնունդով Արարատից են եւ ունեն ազդեցության լծակներ: Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ Հանրապետականը որոշել է մարզի կուռացիան երկուսի ուսերին դնել. Արամայիս Գրիգորյանը կզբաղվի վարչական հարցերով, Ալիկ Սարգսյանը` քաղաքական. նա ղեկավարելու է Արարատում ՀՀԿ տարածքային կառույցը: Արամայիս Գրիգորյանն այսօր արդեն կառավարություն էր եկել, մարզպետի պաշտոնում նրա աշխատանքային առաջին օրն էր: Նիստից հետո լրագրողները նորանշանակ մարզպետից հետաքրքրվեցին՝ արդյոք իր նշանակումը Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը թուլացնելու նպատակ ունի, եւ արդյոք հնարավոր է, որ առաջիկա ընտրություններին բախում լինի երկու թիմերի միջեւ: Մարզպետը, իհարկե, հերքեց այս տեղեկությունը, ավելին` վստահեցրեց, որ իր նշանակումը քաղաքական չէ:

ԿԸՀ-ում դեռ առաջադրումները չեն սկսվել, բայց  Շիրակի մարզում առաջին փոխհրաձգությունն է հնչել վաղեմի հակառակորդներ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ՝ առայժմ դեռ վիրտուալ տիրույթում: ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Մարտուն Գրիգորյանը «Ֆեյսբուքում» երկարաշունչ գրառում է  արել, որում պատմել է նախ այն մասին, թե որքան է հարգում Գագիկ Ծառուկյանին, ապա նշել, որ իր համար անսպասելի է եղել Վարդան Ղուկասյանին «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով առաջադրելու որոշումը: Անդրադառնալով  Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին` Մարտուն Գրիգորյանն ասել է, որ այդ տարիներին քաղաքում տիրում էր «ամենաթողություն եւ թայֆայաբազություն», եւ դրանով է բացատրել, թե ինչու է ՀՀԿ-ն գերադասել իր նախկին կուսակցությանը` ԲՀԿ-ին:

Վարդան Ղուկասյանն այս գրառմանը պատասխանել է իր ոճով եւ NEWS.am-ի հետ զրույցում ակնարկել, որ Մարտուն Գրիգորյանին պակասում է խելքն ու շնորհքը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստը սկսել է ավանդական հանձնարարականներով` բիզնեսի համար պետք է բարենպաստ միջավայր ապահովել, ավելի խիստ լինել ապօրինություններ թույլ տվողների հետ, իսկ օրինապահների գործին հնարավորինս քիչ միջամտել: Նախորդ նիստին վարչապետը հանձնարարել էր պետական ընկերությունների կառավարիչներին թափ տալ` ով արդյունավետ չի աշխատում հեռացնել: Վարչապետին այսօր զեկուցեցին` 3 տնօրենի արդեն առաջարկել են դիմում գրել: Վարչապետի հանձնարարականները չկատարելու համար այսօր նկատողություն ստացավ սպորտի նախարարը. Կարեն Կարապետյանը հանձնարարել էր քաղաքացիների շրջանում առողջ ապրելակերպ քարոզել, բայց փոփոխություն չի տեսնում։ Հրաչյա Ռոստոմյանն արդարացավ` ձմեռ է, բոլորը ներս են քաշվել. Կարեն Կարապետյանը արձագանքեց ժպիտով եւ նկատողություն արեց։

Նախօրեին Կոտայքի մարզ այցելության ժամանակ վարչապետը Աբովյանի եւ Ծաղկաձորի քաղաքապետերի առջեւ երկու խիստ ամբիցիոզ առաջադրանք է դրել. առաջինը` տեխնոլոգիական, երկրորդը` հոգեւոր:

ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների ժամանակ ձերբակալաված, ապա ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված 3 ակտիվիստներ դատապարտվել են երեքական տարվա ազատազրկման: Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոս Մարգարայնը մեղադրվում էին հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր նետելու մեջ: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքն ընդունել են:

Վրաստանի քաղաքացիները շուտով շենգեն գոտու երկրներ կմեկնեն առանց վիզայի: Եվրախորհրդարանն այսօր քվերակել է այդ երկրի հետ վիզաները չեղյալ հայտարարելու օգտին:

Պարզվում է` Երեւանի քաղաքապետարանը փողոցները ձնից չի կարողանում մաքրել ճամփեզրին կայանած մեքենաների պատճառով: Քաղաքապետարանն այսօր վարորդներին հորդորել է հնարավորին արագ հեռացնել երկար ժամանակ կայանած մեքենաները: Քաղաքապետարանին, որը պնդում է, թե լիարժեք իրականացնում է ձնամաքրման աշխատանքերը, չէր խանգարի լսել, թե ինչ են մտածում Երեւանի քաղաքացիներն այդ մասին:

Ի դեպ քաղաքացիներին մտահոգել է առաջիկա ամսվա եղանակի կանխատեսումը, ըստ որի` փետրվարին լինելու են սառնամանիքներ եւ առատ տեղումներ:

Դոլարն էժանացել է, եվրոն եւ ռուբլին` թանկացել: Փետրվարի 2-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485, եվրոյինը` 525, ռուբլունը` 8.15 դրամ, բրիտանական ֆունտը թանկացել է` կազմելով 616 դրամ:

Փետրվարի 3-ին հանրապետությունում սպասվում է  առանց տեղումների եղանակ. 2-ի լույս 3-ի գիշերը օդի ջերմատիճանը կնվազի 10-15 աստիճանով, մայրաքաղաքում գիշերը կդիտվի մինչեւ -25, ցերեկը՝ մինչեւ -7 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ