Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:
«2016-ի դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետեւյալը։
1. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։
2. ՍԴՀԿ-ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն եւ Միասնություն շարժումը։
3. Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչեւ Գ. Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։
4. ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական միջոցներով։
5. ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին»,-մանրամասնել է Նարեկ Գալստյանը։
Նրա խոսքով` արդեն մի քանի օր է բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքը դեռեւս չձեւավորված փլուզվել է: Ծառուկյանը բանակցում էր ՍԴՀԿ, ՀՌԱԿ, ՀՀՇ կուսակցությունների եւ «Միասնություն» շարժման հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ, սակայն բանակցությունների փուլում Ծառուկյանը մտափոխվեց, գլխավորեց ԲՀԿ-ն եւ գաղտնի պայմաններում դաշինքի հուշագիր ստորագրեց միայն Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության հետ:




























