News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն առաջիկայում նորից կհանդիպեն։ Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արդեն պատրաստվում են այդ հանդիպմանը, բայց չի նշել, թե երբ եւ որտեղ է այն կայանալու:

Երկու երկրների արտգործնախարարների քննարկման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Չնայած կարգավորման գործընթացում որեւէ էական տեղաշարժ չկա, իսկ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները, ըստ էության, սառեցվել են, այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը իրեն չի սպառել եւ պետք է շարունակել այդ ձեւաչափում փոխընդունելի լուծումներ փնտրել։

Դեռեւս նախօրեին DW-ին տված հարցազրույցում Նալբանդյանն ասել էր, թե ինչու բանակցություններում առաջընթաց չկա. «Ամեն անգամ, երբ հանգում ենք որեւէ պայմանավորվածության կամ փոխզիջման, Ադրբեջանը մեկ քայլ, իսկ երբեմն էլ՝ մի քանի քայլ հետ է անում»։

Խախտում է պայմանավորվածությունները, իսկ հետո փորձում մեղքը բարդել հայկական կողմի վրա։ Վերջերս էլ այնքան հեռուն էր գնացել, որ հայկական դիրքեր ուղարկած իր դիվերսանտի մարմինը պահանջելիս Հայաստանին մարդասիրության կոչ էր անում։

Նալբանդյանը հիշեցրել է մի քանի դեպք, որոնցից հետո «մարդասիրություն» բառն Ալիեւի շուրթերից առնվազն տարօրինակ է հնչում, օրինակ՝ ինչպես կտտանքների ենթարկեցին, ապա սպանեցին մոլորված ու սահմանը հատած հովիվ Մանվել Սարիբեկյանին, իսկ ամենաթարմն ապրիլյան դեպքերի ժամանակ նրանց ձեռքում հայտնված հայ զինվորներին անմարդկային կտտանքների ենթարկելու դեպքերն են։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստիին», որում փարատել է հայկական զինված ուժերի սպառազինության կազմում գտնվող «Իսկանդեր» համակարգերի հետ կապված բոլոր կասկածները։ «Իսկանդեր» հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին, եւ դրանք կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները՝ հայտարարել է պաշտպանության նախարարը։

«Այն, որ «Իսկանդեր»-ներն ուղարկվել են Հայաստան, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորը տեսել են: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ լիարժեք վստահությամբ հաստատել: Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին. երբ, ինչ փողերով են դրանք ձեռք բերվել, ինչպես հասկանում եք, գաղտնիք է»: Պաշտպանության նախարարը հիշեցրել է. որեւէ երկրի դեմ կիրառվելիս «Իսկանդերը» կարող է անուղղելի վնաս հասցնել ենթակառուցվածքներին, այն  առաջին հերթին զսպման զենք է, սակայն, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառվել՝ կախված իրադրության զարգացումից։

Վիգեն Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինության ձեռքբերման հնարավորությունները: «Մի շարք պայմանագրեր ժամկետից շուտ են կատարվել, եւ դա գոհացնող է: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում մենք սպառազինությունը ռուսական բանակի ներքին գներով ենք ձեռք բերում, եւ հաշվի առնելով արտոնյալ վարկերի առկայությունը, բնականաբար, նման համագործակցության ներուժն աճում է»:

Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել պաշտպանության նախարարի առաջարկած օրենքի նոր նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել Հայաստանի զինված ուժերում ծառայողներին ծխախոտ հատկացնելուց։ Նախարարությունում բացատրել են, որ դա արվում է ծխելու դեմ պայքարի շրջանակում։ Օրական 20 հատիկ ծխախոտի եւ լուցկու փոխարեն համապատասխան գումար կհատկացվի, եւ զինծառայողն ինքը կորոշի՝ ինչպես ծախսել գումարը կամ ինչ ծխախոտ գնել: Բացի այդ՝ այն վերաբերում է միայն պայմանագրային զինծառայողներին, քանի որ ժամկետայիններին ծխախոտի փոխարեն գումար է հատկացվում դեռեւս 2008 թվականից: Որոշման նախագիծը Վիգեն Սարգսյանը ներկայացնելու է կառավարության վաղվա նիստում։

Սարի թաղի բնակիչները սպառնում են փակել թաղամաս տանող ճանապարհները: Հուլիսի 19-ի բախումների ժամանակ կալանավորվածների հարազատներն այսօր երթ են կազմակերպել: Նախ նամակ են հանձնել գլխավոր դատախազության ներկայացուցչին, ապա շարժվել դեպի Բաղրամյան 26: Նախագահականի համար նույնպես նամակ ունեին: Ցուցարարների պահանջը չի փոխվել. իրենց հարազատների համար արդար դատավարություն են ուզում:

Հիշեցնենք, որ կալանավորված սարիթաղցիներին մեղադրում են ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Փետրվարի 22-ին դոլարի վերելքը կանգ է առել, իսկ եվրոն դեռ թուլանում է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 511, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 605 դրամ:

Փետրվարի 23-ի գիշերն ու առավոտյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում թույլ ձյուն է սպասվում: Գիշերային ժամերի ցրտերը, սակայն, կտրուկ կթուլանան. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-15 աստիճանով: Երեւանում նույնպես թույլ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -8-10 աստիճան ցուրտ, ցերեկը՝ 0+2 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ