ԿԸՀ-ն մայիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ քննարկում է «Ելք» դաշինքի երկու դիմումները։

Առաջին դիմումը պահանջում է դատարանին ներկայացնել հայց՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Երկրորդ դիմումը պահանջում է դիմել ոստիկանություն, որպեսզի ՀՀԿ-ի նախընտրական շտաբերի առջեւ հերթապահություն սահմանվի։ Հաջորդ պահանջն է անվավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կան գունավոր գրիչներով արված նշումներ, նաեւ ծրարներ, որոնց մեջ կան այլ առարկաներ, մասնավորապես դրամապանակ։ Եվ ԿԸՀ-ից «Ելք» դաշինքի երրորդ պահանջը  նպատակ ունի կանխել ՀՀԿ շտաբերում եղած քվեաթերթիկների հայտնվելը ընտրատեղամասերում։

Նիստի սկզբում ՀՀԿ ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը ներկայացրել էր միջնորդություն՝ ՀՀԿ-ին որպես երրորդ կողմ ներգրավելու մասին։

«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նիստի ընթացքում հարցրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, թե ինչպես է նա իմացել այն մասին, թե ինչ քվեաթերթիկներ կան ՀՀԿ նախընտրական շտաբում ( նա այդ մասին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցի հետ զրույցում)։ «Դրանով իսկ դուք արդեն հրապարակել եք ԿԸՀ-ի որոշումը։ Ինչպե՞ս եք իմացել, թե ինչ քվեաթերթիկներ են եղել շտաբում, եթե շտաբը երեկվանից փակ է»,- հարցրել է Վահագն Հովակիմյանը։

Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտնել է «Մեր որոշումների հիմքում փաստացի հանգամանքներն են»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը «Ելք» դաշիքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու նրա համակիրները ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ Կուրղինյան փողոցի վրա գտնվող նախընտրական շտաբի մոտ պահանջել են բացել շտաբի դուռը, քանի որ համոզված էին, որ այնտեղ կան քվեաթերթիկներ, փող ու ընտրողների ցուցակները։ Մինչ այդ լրագրող Աննա Զախարյանը ոստիկանությանը հաղորդում էր տվել այն մասին, որ հարձակման է ենթարկվել, երբ նկարահանում էր այդ նույն շտաբում ընտրակաշառքի բաժանումը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում պահպանված տեսանյութը, որը չէին հասցրել ոչնչացնել Տարոն Մարգարյանի շտաբի անդամները։ Այս միջադեպի առթիվ Մալաթիա – Սեբաստիա համայնքի ոստիկանությունում քննություն է իրականացվում։