Այսօր` նոյեմբերի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի վրա` Պոնչիկանոցի հետեւի սեփական տներում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է. արդեն 5-6 տուն կրակի է մատնվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները` ծառայության պետ Վաչիկ Նիկողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են 12 հրշեջ մեքենաներ եւ 5-6 ջրատարներ:

Հրդեհի վայրում են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կենտրոնականի ոստիկանապետ  Աշոտ Կարապետյանը, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, մեծ թվով ճանապարհային ոստիկաններ: Այստեղ են նաեւ «1-03» ծառայության աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզի փորձաքննությունը: Այս պահին նշված տարածքում երթեւեկությունը մասամբ դադարեցվել է, որովհետեւ հրշեջ ավտոմեքենաները, որոնք  մեկը մյուսին փոխարինելով հրդեհի մարման աշխատանքներ են կատարում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի