Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով դատական նիստի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հիվանդանոց տեղափոխված գործով տուժող 80-ամյա Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը դեռ չի կարգավորվել: NEWS.am-ի հետ զրույցում Փառանձեմ Մեյթիխանյանը նշեց, որ սկեսուրը երեկ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն, շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ. «Անկողնային պառկած է տանը, ճնշման հետ խնդիր ունի, մենակ չենք թողնում, անընդհատ վատ է զգում իրեն»:
Փառանձեմ Մեյթիխանյանը նշեց, որ դատարանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում իր երկու բարեկամները հարվածներ են ստացել ուսերի, դեմքի շրջանում:
«Սպանված ամուսնուս ընկերներից մեկը, երբ սկեսրոջս հարցաքննում էին, հարցեր էին տալիս փաստաբանները, վեր կացավ ասաց՝ հարգելի դատավոր, Դուք խիղճ չունե՞ք, էս փաստաբանները խիղճ չունե՞ն, էս ինչ անհեթեթ հարցեր են տալիս: Այդ պահին Արարատ Նիկողոսյանի հայրը հարձակվեց էդ մարդու վրա ու ասաց՝ բա մեր անմեղ տղանե՞րը, որից հետո դատարանի դահլիճում հրմշտոց սկսվեց, որի արդյունքում իմ քույրս, մորաքույրս հարվածներ են ստացել...Ինչքա՞ն կարելի է հանդուրժել, որ գան դատարան, այդ վարքագիծը դրսեւորեն: Ամբաստանյալներն իրենց ամբաստանյալի նման են պահու՞մ, գոռում են՝ բոլորին գյուլլելու են, Արարատ Նիկողոսյանի հայրն էլ հայհոյում ա, ասում է՝ քո մաման լացացնելու եմ։ Լացացրել են արդեն, էլ ո՞նց լացացնեն»,-ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 1-ին տուժող եւ պաշտպանական կողմի մջեւ միջադեպ էր տեղի ունեցել գործով տուժող 80-ամյա Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ:
Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



























