News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մի քանի ամիս է, Վանաձորի տարբեր թաղամասերի ու հարակից գյուղերի բնակիչները բողոքում են. ջրամատակարարման սահմանված գրաֆիկները ջրմուղը պարբերաբար խախտում է, ինչի հետեւանքով օրերով զրկված են լինում ջրից:

Մեկ ամսից ավել է, Վանաձորի Տարոն 4 թաղամասի մի քանի շենքեր գրեթե զրկված են ջրից:Հիմնականում մի քանի օրը մեկ գիշերային ժամերին մի քանի րոպեով տրվող ջրով բնակիչները չեն կարողանում բավարարել տարրական պահանջմունքները:

 «Ամբողջ օրը խոհանոցում հերթապահում ենք, հույսով, որ կարող է մի քանի րոպեով ջուր տան, որ գոնե կարողանանք հավաքել: Պատահում է, գիշերն էլ չենք քնում կարճ ժամանակով տրվող ջուրը հավաքելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհում է Տարոն 4-ի բնակչուհիներից Կարիինե Մարգարյանը:

Բնակիչների խոսքով՝ խնդիրը Տարոն թաղամասում նոր չէ: Նույն վիճակն է եղել նաեւ նախորդ տարիներին:

Մոտ մեկ շաբաթ է, ջուր չունենալու համար  բողոքում են նաեւ Վանաձորի հակառակ ծայրամասի՝ Բազում թաղամասի բնակիչները: Ջուր չլինելու պատճառների մասին ջրմուղի օպերատորներից բավարարող պատասխան չստանալով՝ բնակիչներն սկսել են իրենց բողոքն արտահայտել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, այդ մասին գրելով ոչ միայն իրենց էջերում, այլեւ «Veolia Ջուր» ընկերության պաշտոնական էջում:

Օգոստոսի 6-ից ջրազրկված Համբարձումյան 11 շենքի բնակիչները կարճ ժամանակով ջուր են ստացել միայն 5 օր անց՝ օգոսոտսի 11-ին, այն էլ բողոքելուց հետո: Երկու օր է, սակայն, շենքը կրկին զրկված է ջրից:

«Զանգում ենք օպերատորներին, հարցնում՝ ինչո՞ւ ջուր չկա, պատասխանում են՝ շոգերից ա, որ ջուր չկա»,- դժգոհում է բնակիչներից Տիգրան Սիմոնյանը:

Ջրի գրաֆիկի խախտումների մասին  բարձրաձայնում է նաեւ Վանաձորին կից գտնվող Շահումյան գյուղի բնակիչ Վարդուհի Անանյանը:

«Տերմինալով վճարում կատարելիս գրաֆիկը նշված է շուրջօրյա, բայց իրականում առանց գրաֆիկի են աշխատում: Ասում ենք, գոնե գրաֆիկ ասեք, իմանանք աշխատանքի հետ ինչպես դասավորենք, պատասխանում են՝ ավազանում ջուր չկա«,- բողոքում է Վարդուհին:

Հատկապես ամռան ամիսներին քաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարման ծավալներն այնքան փոքր են լինում, որ ջուրը կամ չի բարձրանում շենքերի վերին հարկեր, կամ ջրի հոսքն այնքան թույլ է լինում, որ բնակիչները չեն կարողանում օգտվել ջրատաքացուցիչներից:

Տպել
Ամենաշատ