News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է չսպասել եւ հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արեւելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ Սվիտալսկին անդրադարձավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ընդգծելով՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ ձեռքբերում է, հաղորդում է «Ազատությունը»:

«Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական եւ վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք եւ կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին եւ հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:

Նա հակիրճ անդրադարձավ նաեւ նոյեմբերին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված. «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համափարպակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինում է նախկին՝ Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Հայաստանի՝ ՌԴ ստեղծած Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով:

Դեսպան Սվիտալսկին այսօր ընդգծեց՝ Հարեւանության ծրագրի հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, եւ դա նկատելի կլինի նաեւ գագաթնաժողովի ընթացքում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը մեծ ուշադրությամբ է հետեւում Արեւելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Սվիտալսկին անդրադարձավ նաեւ, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ:

Բայց իրենք նաեւ չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որեւէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։ «Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաեւ հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը»,- ասաց Սվիտալսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ