News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արձագանքելով «Առաջնորդության դպրոցի» հրավերին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել եւ իրականացնել» խորագրով բաց դաս անցկացրեց «Դաբլ Թրի Բայ Հիլթոն» հյուրանոցում:

Անդրադառնալով առաջնորդ դառնալու համար անհրաժեշտ որակներին եւ ունակություններին՝ Ռալֆ Յիրիկյանը նախ եւ առաջ կարեւորեց ինքնաճանաչողությունը: Սեփական հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը՝ ինքնազարգացման, անհատականության կայացման կարեւոր նախապայմաններ են, որոնք անհրաժեշտ են երազանքներն իբրեւ ճշգրիտ նպատակներ ձեւակերպելու եւ դրանց իրականացման համար ստեղծագործական լուծումներ գտնելու գործում: «Սեփական բնավորության ու խառնվածքի ուժեղ եւ թույլ կողմերի հետ անկեղծ առերեսումն է, որ մարդուն դարձնում է մարդ, ու առավել եւս՝ առաջնորդ: Օբյեկտիվ մտածողության զարգացումը, ըստ իս, սկիզբ է առնում այստեղից», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

«Վերհիշելով կյանքի իմ անցած ուղին՝ չեմ կարող չնշել հետեւյալը. ոչ այնքան համալսարանում ստացած կրթությունը, որքան հենց կյանքի ու աշխատանքային դժվարությունների հետ բախումն ու ձախողումներն են, որոնք առաջադրում են «ինչո՞ւ այսպես պատահեց» ու «ինչպե՞ս ելք գտնել» հարցերը, եւ պարտադրում մտածել: Այսպես է զարգանում վերլուծական միտքը, այսպես ենք մենք ճանաչում մեր հնարավորությունների սահմանները, ճանաչում կյանքի օրինաչափությունները, դառնում ինքնավստահ ու համարձակ», - նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա նաեւ հորդորեց ներկաներին, որ առաջնորդ դառնալը չդարձնեն ինքնանպատակ: «Դարձեք մասնագետ, անընդհատ աշխատեք ձեր հմտություններն ընդլայնելու ուղղությամբ, եւ առաջնորդ կդառնաք ինքնաբերաբար: Ձեր ձախողման եւ հաջողության բանալին բացառապես ձեր ձեռքերում է»:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկաների ուշադրությունն ուղղեց մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա՝ աշխատանքի բարոյական կողմի վրա: Որպես հաջողակ գործարար՝ նա խորհուրդ տվեց  կարեւորել ոչ միայն այն, թե ինչն է ձեւակերպվում իբրեւ նպատակ, այլեւ այդ նպատակին հասնելու միջոցները:  Առաջնորդը պետք է ուղղորդի մարդկանց դեպի այնպիսի արժեքի ստեղծումը, որը նպաստելու է հանրային բարիքի ստեղծմանը, ինչը հնարավոր է բացառապես ազնիվ ճանապարհով եւ միջոցների գործադրմամբ: 

Ռալֆ Յիրիկյանը նաեւ խոսեց լավ առաջնորդի՝ թիմային խաղացող լինելու մասին: «Չի կարող լինել ուժեղ առաջնորդ՝ առանց աջակիցների, առանց թիմի: Թիմային աշխատանքը՝ կորպորատիվ մշակույթի զարգացման կարեւոր պայման է», - նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ըստ բանախոսի՝ ապագա առաջնորդները պետք է նաեւ սովորեն գնահատել ժամանակը:

Բաց դասի ընթացքում տեղի ունեցավ անկեղծ զրույց ու մտքերի փախանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին թե՛ գործարարության ոլորտին ու կորպորատիվ կառավարման մշակույթին, եւ թե՛ առաջնորդի հատկանիշների վերաբերյալ իր պատկերացումներին: Հանդիպման ավարտին, Ռալֆ Յիրիկյանը ոգեւորեց ներկաներին՝ նրանց խորհուրդ տալով զգուշանալ, բայց երբեք չվախենալ սխալներ գործելուց. «Չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Շատ կարեւոր է դուրս գալ առօրեականի կաղապարներից: Վախը նորույթից ու անհայտից մեծ խոչընդոտ է զարգացման ու ինքնազարգացման համար»:

«Առաջնորդության մասին գրվել են հազարավոր աշխատություններ, առաջնորդության տարբեր ուղղությունների բացահայտման ու զարգացման ուղղությամբ աշխատում են գիտական հեղինակավոր ինստիտուտներ: Մարդկությունը տիրապետում է հարուստ տեղեկությունների տարբեր դարաշրջանների առաջնորդների վերաբերյալ: Առաջնորդության հայկական պատմությունը լի է ինքնազոհ ու նվիրյալ առաջնորդներով, ում համար ազգապահպանությունը, հանրային բարիքի ստեղծումը եղել են առաջնային նպատակներ: Վստահ եմ, որ մեր ժամանակներում, գործարար առաջնորդության դեպքում եւս մեր աշխատանքի վերջնանպատակը պետք է լինի այդ նույն արժեքների ստեղծումը», - եզրափակել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Բաց դասի մուտքն ազատ էր, եւ մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ