«Օրենքով գող համար 1» Զախարիա Կալաշովի՝ «Շաքրո մոլոդոյի» կլանում կողմնորոշվել են, թե ով է լինելու նրան փոխարինողը։ Դա Վասիլի Խրիստոֆորովն է՝ հայտնի որպես Վասյա Վոսկրես, ով լուրջ ազդեցություն ունի քրեական շրջանակներում, իսկ ամենակարեւորը՝ համայնքի համար գումար հավաքելու անբիծ հեղինակություն։ Վոսկրեսն ինքը դեռ իր հավանությունը չի տվել, փոխանցում է «Ռոսբալտը»։

2016-ի օգոստոսին Զախարիա Կալաշովի կալանքից հետո «քրեական» շրջանակներում ընդունված չէր բաց խոսել փոխարինողի թեկնածության մասին։ Շաքրոյի կլանից տեղեկություններ էին ստացվում, որ դեռեւս ոչինչ պարզ չէ, հնարավոր է,  «օրենքով գող համար 1»–ը հանկարծ ազատ արձակվի։

Սակայն գահի նկատմամբ որոշակի հավակնություններ ամեն դեպքում կային։ Օրինակ՝ 2016-ի վերջին ձեւավորվել էր Վլադիմիր Տյուրինից, Յուրի Պիչուգինից եւ Լաշա Շուշանաշվիլիից կազմված յուրօրինակ երրորդություն, որոնք ենթադրում էին, որ եթե Շաքրոն «դուրս չպրծնի», ռուսական մաֆիայի նոր «դեմքը» կդառնա Տյուրինը։ Սակայն 2017-ին այս պլանները հօդս ցնդեցին։ Տյուրինին Կիեւը մեղադրեց Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի՝ երգչուհի Մարիա Մաքսակովայի ամուսնու սպանության կազմակերպման մեջ։

Որոշ ժամանակ քրեական շրջանակներում շրջանառվում էր այն  վարկածը, որ օրենքով գողի թագը բաժին կհասնի Օլեգ Շիշկանովին՝ հայտնի որպես Շիշկան։ Սակայն Շիշկանը հենց նոր է գլուխն ազատել իրավապահների հետապնդումներից, եւ նոր տհաճությունները նրան հաստատ պետք չեն։ Մաֆիոզների շրջանում քննարկվում էր նաեւ Միխայիլ Վոեվոդինի՝ Միշա Լուժնեցկու թեկնածությունը։ Սակայն նա հանգիստ ապրում է Շվեյցարիայում եւ վերադառնալ չի պատրաստվում։

Հիմա Զախարիա Կալաշովի նկատմամբ դատական պրոցես է ընթանում, եւ նա հաստատ մոտակա ժամանակներս ազատության մեջ չի հայտնվի։ Այդ պատճառով Շաքրոյի կլանը լուրջ մտածում է ժամանակավոր փոխարինողի թեկնածության մասին։ Ընտրությունը կանգ է առել Վասիլի Խրիստոֆորովի վրա։ Նա մյուս օրենքով գողերի մոտ հեղինակություն ունի, «համայնքի» համար գումար հավաքելու փորձ,  ինչով նա զբաղվում էր Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մահից հետո։ Վասիլին դեռ իր համաձայնությունը չի տվել, սակայն, ինչպես նշում է «Ռոսբալտը», նա պետք է շտապի, քանի որ վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Օսետրինան, որն, ի դեպ, Վասյա Վոսկրեսի վաղեմի թշնամին է։ Նա հիմա Մոսկվայում հզոր կլան է հավաքում, ընդ որում, իր շարքերն է ընդունում անգամ նախկին ընդդիմադիրներին, ինչպես օրինակ, Դմիտրի Չատուրիային՝ Միրոն։ Ազատության մեջ է հայտնվել նաեւ ադրբեջանցի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովը՝ Լոտու Ղուլի, որն առանձնապես չի թաքցնում օրենքով գողի համար 1-ի թագը ստանալու իր հավակնությունները։ Նա հիմա կլան է ձեւավորում Թուրքիայում։