Այսօր, ժամը 00։20-ի սահմաններում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երկու կանանց։ Արդյունքում նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ օպեր գծով տեղական Ա. Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքից մի քանի րոպե անց Երեւանի ՃՈ աշխատակիցները Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել են «ՎԱԶ-2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով ավտոմեքենա, որը հարվածել էր «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի ավտոմեքենայի: Պարզվել է, որ վրաերթի հեղինակը ռուսական համարանիշով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդն էր, ով վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական ու դիմել փախուստի:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ոստիկանության աշխատողի «կամուֆլյաժ»։

Վարորդին ՃՈ աշխատակիցները տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրում կատարում են քննչական աշխատանքներ:

Դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը, որոնք սպասում են քննչական աշխատանքների ավարտին, որպեսզի դին տեղափոխեն դիահերձարան։

Արդեն պարզվել է, վրաերթի ենթարկվածները մայր եւ դուստր են։ Մահացածը մայրն է՝ 50-ամյա Կարինե  Գասպարյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվածը՝ նրա դուստրը՝ Աննան։

Քննչական գործողություններ կատարելուց հետո դին տեղափոխվեց դիահերձարան, իսկ վրաերթի հեղինակին ու տաքսի մեքենայի վարորդին քննիչի հանձնարարականով Արաբկիրի ոստիկանները տեղափոխեցին շտապօգնության կենտրոն: Բժշկական հետազոտման արդյունքում պարզվել է, որ տաքսու վարորդը եղել է սթափ, իսկ վրաերթի հեղինակը՝ ոչ սթափ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի