News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հողը հռչակված է ոչ միայն սքանչելի բնությամբ, հնադարյան հուշարձաններով, բարեբեր հողով, այլ նաեւ երկարակյացներով: 2018 թվականի փետրվարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում 100 տարեկանն անց 16 մարդ է ապրում: Ամենատարեցը՝ 110-ամյա Արեւհատ Սարգսյանը, բնակվում է Թաղավարդ գյուղում:  Հենց նրան էլ հյուր գնացին NEWS.am-ի թղթակիցները (ֆոտոռեպորտաժ):

Մեր այցելության պահին Աեւհատ տատիկը տանը չէր: Չծրագրած հյուրերին դիմավորեցին տնեցիները՝ հարսները եւ ծոռները: Շուտով հայտնվեց նաեւ ինքը՝ այցելության «մեղավորը»: Սեւ գլխաշորով ու գոգնոցով փխրուն կին է: Դժվար կյանքի երկար տարիները իրենց հետքն են թողել, սակայն չեն փոխել լուսաշող, մանկականորեն ուրախ ժպիտը:

Արեւհատ տատիկի հետ զրուցելը հաճելի է, բայց հեշտ չէ: Ղարաբաղյան բարբառը, որն առանց այն էլ դժվար հասկանալի է, շռայլորեն համեմված է տեղական բառերով եւ արտահայտություններով: Փորձում եմ տատիկից նրբանկատորեն իր մասին հարցուփորձ անել, սակայն 10 րոպեից ընդմիջում եմ խնդրում եւ «թարգմանիչ»:

Հարսի՝ Ստելլայի միջոցով պարզվում է, որ Արեւհատ տատիկի 110 տարեկանը լրացել է հուլիսի 1-ին: Դարից երկար տեւած կյանքը դժվարին, ծանր, ձեռքբերումներով եւ կորուստներով լի է եղել: 17-ամյա Արեւհատն ամուսնացել է 5 երեխաների հայր այրի Ղազարի հետ: Պատանի Արեւհատն առաջնեկին է ունեցել, սակայն որոշ ժամանակ անց Ղազարը մահացել է: Արեւհատը չի թողել հարազատ դարձած օտար երեխաներին: Եվս մի քանի տարի հետո Արեւհատը երկրորդ անգամ է ամուսնացել: Եվ դարձյալ այրիի հետ, որը 6 երեխա ուներ: Զույգը 3 երեխա է ունեցել: Երկրորդ ամուսնու մահվանից հետո Արեւհատը մեծացրել է 15 երեխայի՝ իմ ու քոյի տարբերակում չդնելով: Արեւհատը երկար տարիներ հիվանդանոցում սանիտար է աշխատել: Ընդհանրապես վերապրած կյանքի մասին տատիկին հարցուփորձ անելը վերքերի փորփրում է: Այս կամ այն բանի մասին պատմելիս Արեւհատ տատիկը պարբերաբար կրկնում է՝ «չեմ ապրել, այլ տանջվել եմ», եւ աչքերն արտասուքով են լցվում: Արեւհատ տատիկը մի քանի երեխաներին վերապրել է: Հարցը, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի թոռ ու ծոռ ունի, անպատասխան մնաց: «Հարյուրից ավելի»,- ամփոփեց Ստելլան:

Եվ, այնուամենայնիվ, աչքերի խորամանկ փայլն ու ժպիտը մատնում են շրջապատի նկատմամբ աշխույժ հետաքրքրության մասին: «Միայն թե վատ եմ տեսնում եւ լսում»,- բողոքում է տատիկը: Տատիկը նրբագեղ մատներով փոքրիկ ձեռքով վերցնում է սուրճի գավաթը: Պարզվեց՝ տատիկը սուրճ եւ լավ գինի է սիրում: «Իսկ ծխել փորձե՞լ եք»,- կատակում ենք մենք: «Վայ, վայ»,- զայրանում է Արեւհատ տատիկը:

Տնեցիների խոսքով՝ տատիկը սնունդի հարցում ընդհանրապես զուսպ է: Հիմնականում բանջարեղեն եւ կանաչեղեն է ուտում, միս չի սիրում, իսկ երշիկ եւ նրբերիշկ բերանը չի դնում: «Շատ միրգ կերեք, խնձոր եւ սալոր, չիր, առողջության համար օգտակար է»,- խորհուրդ է տալիս Արեւհատ տատիկը: Վատթարացած տեսողությունը տատիկին թույլ չի տալիս մանր աշխատանք կատարել, գործել կամ կարել, սակայն ակտիվորեն իր ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է տանը եւ այգում: Սիրում է մեկ-երկու բառ փոխանակել հարեւան ընկերուհիների հետ:

Արեւհատ տատիկը հյուրերին ճանապարհեց մուտքի սանդղահարթակին: Եվ մինչ մենք դեպի դարպասներն էինք գնում, կանգնած էր աստիճաններին, ժպտում էր եւ մեր հետքից ձեռքը թափահարում:

Ստեփանակերտ ճանապարհին մեզանից յուրաքանչյուրը մտքերի մեջ էր, որոնցով համակվել էր Արեւհատ տատիկի հետ հանդիպմամբ: Համաշխարհային առաջին պատերազմ, Համաշխարհային երկրորդ պատերազմ, մարդու կողմից Տիեզերքի նվաճում, Արեւհատ տատիկը եղել է մի ամբողջ դարի իրադարձությունների ականատեսը:

Արեւհատ տատիկ, առողջություն քեզ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի - NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ