Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ու անկարգությունների հետևանքով գրեթե 80 մարդ է տուժել։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է երկրի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։

«Ինձ մտահոգում է ոչ թե աշակերտների պահանջներ ներկայացնելը, այլ բռնությունը։ Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր վիրավորվել է 76 մարդ, որոնցից 18-ը՝ ուսումնական հաստատությունների աշխատակիցներ»,— RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ժեֆրեն։

Ֆրանսիացի աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ փողոց են դուրս գալիս ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական ոլորտի այլ խնդիրների պատճառով։ Որոշ վայրերում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով ու հրդեհումներով։ «Ուսանողական միության» տվյալներով՝ երեքշաբթի օրը ողջ Ֆրանսիայում արգելափակվել է շուրջ տասը համալսարան և 400-ից ավելի ավագ դպրոց։