Կիրակի Իտալիայում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքներով ի հայտ չեկավ այն քաղաքական ուժը, որը կարող է խորհրդարանում առանց լրացուցիչ դաշինքներ ձեւավորելու մեծամասնության աջակցությունը ստանալ կառավարություն ձեւավորելու համար: Ոչ մի կուսակցություն եւ ոչ մի կոալիցիա չի հաղթահարել դրա համար անհրաժեշտ 40 տոկոսանոց շեմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ակնհայտ է, որ ապագա կառավարությունը հույսը դնելու է պոպուլիստական եւ հակահամակարգային ուժերի վրա, որոնց կարելի է հաղթող համարել այս ընտրություններում: Խոսքը Մատտեո Սալվինիի «Լիգայի» մասին է, որը առաջին անգամ աջակենտրոն կոալիցիայում առաջ է անցել պատմական դաշնակցին՝ Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությանը, եւ«5 աստղ» շարժման մասին է:

Սալվինին, համաձայն ներկոալիցիոն պայմանավորվածության, այժմ կարող է  վարչապետի պաշտոնին հավակնել: Սակայն կոալիցիայի դաշնակիցներ Բերլուսկոնիի եւ «Իտալիայի եղբայրներ»-ի աջակցությունը կոալիցայի ձեւավորման համար միայն բավական չէ:

Այժմ գլխավոր հարցն այն է թե ով եւ ում հետ կարող է դաշինք կազմել: Այյս հեռանկարը քարոզարշավի ժամանակ բացառում էին ընտրության բոլոր մասնակիցները:

Չնայած ԶԼՄ-ները հենց սկզբից չէին բացառում, որ «Լիգայի» եւ «Շարժման» միջեւ դաշինք կազմելու հավանականությունը բարձր է, քանի որ շատ հարցերի շուրջ նրանց մոտեցումները մոտ են, մասնավորապես ԵՄ, միասնական արժույթի, ֆինանսական շուկաների, միգրացիոն քաղաքականության հարցերում:

Սալվինին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել «պատմական դաշնակիցների հետ» դաշինքից, թեեւ Լիգան դարձել է կոալիցիայի առաջնորդը: «Մենք պատրաստ ենք խոսել բոլորի հետ, բայց հիմնական գործընկերը մնում է աջ կենտրոնը», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

 

«Հիմա բոլորը պետք է խոսեն մեզ հետ», - պնդում է  «5 աստղ շարժումը», որը նույնպես գոհ է իրենց արդյունքներից: Կուսակցության առաջնորդ Լուիջի Դի Մայոն հավակնում է վարչապետի պաշտոնին: