News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արագածոտնում այսօր լարված իրավիճակ էր: Մարզի Օհանավան համայնքի բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ճանապարհը: Նշում են, որ արդեն 11 օր է՝ մրգով բեռնված շուրջ 20 մեքենաներ կանգնած են Վերին Լարսի անցակետում, իսկ ռուսական կողմը թույլ չի տալիս հատել սահմանը: Ասել են՝ խնձորը թուրքական ծագում ունի եւ Ռուսաստան արտահանել հնարավոր չէ: Բեռնատարները Հայաստանի սահման հասցնելը նույնպես խնդիր է. Կազբեգիում առատ ձյուն է տեղացել եւ Վերին Լարսի ճանապարհը փակ է: Ի վերջո, գյուղացիները բացել են ճանապարհն ու գնացել Արագածոտնի մարզպետարան՝ քննարկման: Մարզպետը խոստացել է հնարավորինս արագ լուծում գտնել խնդրին: Աշոտ Սիմոնյանը, սակայն, պնդում է, որ ստեղծված իրավիճակում մեղքի մեծ բաժին ունեն հենց արտահանողները:

Մարզպետը վստահեցնում է, որ պահանջները նոր չեն, պարզապես արտահանողները նախկինում կարողացել են ինչ-ինչ ճանապարհներով տեղում հարթել թերությունները, բայց հիմա կարգը խստացվել է: Ռուսական կողմը տեղեկացրել է, որ խնդիրը ձեւաթղթերի եւ կարգի պահպանման մեջ է, եւ ռուսական շուկա հայկական մրգի արտահանման հետ կապված ոչ մի խնդիր չկա: Գյուղացիները մտահոգություն ունեն, որ այդ ընթացքում միրգը կարող է փչանալ, բայց փոխհատուցման մասին խոսելը մարզպետը վաղ է համարում: Ամեն դեպքում, Աշոտ Սիմոնյանը տրամաբանական չի համարում փոխհատուցման ակնկալիքները, քանի որ խնդիրը ծագել է արտահանողների մեղքով:

Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստեր գումարել՝ Սահմադրության փոփոխություններով պայմանավորված օրենսդրական կարգավորումներն ավարտին հասցնելու համար: Այսօր մեկնարկած արտահերթում 12 հարց է ներառված: Պատգամավորները քննարկել են կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթը: Այն նախատեսում է, որ ապրիլից կունենանք վարչապետ, առաջին փոխվարչապետ, եւս երկու փոխվարչապետ եւ 17 նախարար: Նշենք, որ ներկայում 18 նախարարություն ունենք, իսկ նոր կառավարության կազմում Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն չի լինի: Այս փոփոխության պատճառի մասին հարցին Դավիթ Հարությունյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել: Պատգամավորները կրկին մտահոգություն են հնչեցրել նաեւ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հարցի շուրջ: Արդարադատության նախարարը կրկին պնդել է, որ դա չի հակասում ժողովրդավարության սկզբունքներին

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի կազմին. «Ելք»-ը դեմ է, որ Խորհրդի կազմից հանվեն Հայաստանի նախագահն ու Ազգային ժողովի նախագահը: Արարատ Միրզոյանն էլ հեգնել է՝ խորհրդի կազմի մասին սեփական առաջարկը ներկայացնելով: Արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերն այսօր չեն սպառվել: Ազգային ժողովը նիստ կանցկացնի նաեւ վաղը:

Ապրիլի 2-ը ոչ աշխատանքային կլինի: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Հարության տոնը, իսկ տաղավար տոների հաջորդ օրը, այս դեպքում՝ ապրիլի 2-ին, մեռելոց է: Փոխարենն աշխատանքային կլինի ապրիլի 7-ը:

Գործադիրի այսօրվա նիստից ուշագրավ է, մասնավորապես, դեղերը դեղատոմսով բաց թողնելու մասին կարգը: Մարտի 1-ից այն ուժի մեջ է մտել մասնակի, թեեւ այն ամբողջական ներդնելու մասին կառավարության որոշում կար: Այսօր առողջապահության փոխնախարարը ներկայացրել է դեղատոմսերի ներդրման փուլային տարբերակի ժամանակացույցը: Ի դեպ՝ նախապես հրապարակված ցանկում մարտի 1-ից պարտադիր դեղատոմսով բաց թողնելու ենթակա էին նաեւ հորմոնային դեղամիջոցները, բայց հիմա որոշվել է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը դրանք ազատ վաճառքում կլինեն: Փոփոխության պատճառը որեւէ կերպ չի մեկնաբանվում: Իսկ մինչ այդ, վարչապետը կոչ է անում ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին: Արդեն անհանգստացնող ինֆորմացիա են ստացել:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ՝ մարտի 1-ի նիստից հետո նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողներին ասել էր, որ դեղատոմսերը ներդնելու են փուլային տարբերակով, իսկ կարգն ընդունվելու է գործադիրի հաջորդ նիստում: Բայց փուլային տարբերակով դեղերը սկսել են բաց թողնել հենց մարտի 1-ից: Ստացվում է, որ կառավարությունը հաստատել է մի բան, իսկ առողջապահության նախարարությունն այլ կարգ է որոշել, եւ չսպասելով գործադիրի որոշմանը՝ այն ուժի մեջ դրել: Շատերի կարծիքով՝ նախարարության նման բացթողումը ենթակա է քրեական պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը չի կարող ռազմական օգնություն ցուցաբերել Ստեփանակերտին: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի խոսքով՝ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ սպառնալիքի դեպքում կազմակերպությունը վտանգի մեջ չի թողնի երկրին: Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բավական լարված են, բայց, Սիդորովի կարծիքով, ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»: Զինվորականը, միաժամանակ, հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, որում ներքաշված է կազմակերպության անդամ որեւէ պետություն:

Ազգային անվտանգության ծառայությունը հանցավոր խումբ է բացահայտել, որի անդամները երկար ժամանակ զբաղվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ եւ իրացմամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նրանք 2016-2017 թվականներին շուրջ 40 օտարերկրացու անվամբ զինծառայություն անցնելու փաստը հաստատող կեղծ փաստաթղթեր են իրացրել: Դրանք ստացած անձինք Հայաստանի քաղաքացու անձնագրեր են ստացել, բայց ազատվել են պարտադիր զինծառայությունից: Խմբի անդամները նաեւ Հայաստանի ու օտարերկրյա պետությունների քաղաքացիներին կեղծ վարորդական, ծննդյան, ամուսնության, կրթության եւ այլ վկայականներ են տրամադրել: Գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության 1 քաղաքացու: Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, իսկ 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Իտալական «Ֆիորենտինա» եւ «Կալյարի» ֆուտբոլային ակումբները շրջանառությունից հանել են «13» խաղային համարը. երկու թիմերում էլ այս համարի ներքո է խաղացել օրերս հանկարծամահ եղած Դավիդե Աստորին: «Ֆիորենտինա»-ի ավագին մարտի 4-ին մահացած էին հայտնաբերել Ուդինե քաղաքում, հյուրանոցային համարում: «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզե»-ի դեմ արտագնա խաղի համար: 31-ամյա Աստորին մահացել է քնած ժամանակ, սրտի կանգի հետեւանքով: Դժբախտ դեպքի պատճառով Իտալիայի առաջնության՝ մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը հետաձգվել էին: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Դավիդե Աստորին հանդես է եկել նաեւ Հռոմի «Ռոմա»-ում, 14 հանդիպում էլ անցկացրել է Իտալիայի ազգային հավաքականի կազմում:

Մարտի 6-ին դոլարն ու եվրոն աննշան էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 592, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 664 դրամ:

Մարտի 7-ի գիշերը, 9-ին եւ 10-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ը 8-10 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +13+15 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ