Արցախի զորամասերից մեկում երկու տարի առաջ մարզումների անցկացման ժամանակ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին պետք է հրապարակվեր այս գործով դատավճիռը, սակայն, Հրանտի հոր՝ Գարուշ Գրիգորյանի խոսքով, անհասկանալի պատճառով կրկին հետաձգվել է. «Ամեն անգամ մի պատճառ են ասում, այս անգամ էլ ինչ-որ անհասկանալի պատճառով չեն արել նիստը: Պետք է դատավճիռը հրապարակեին, բայց էլի ձգձգում են»:

Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վարուժան Բալայանը, որի համար մեղադրողը պահանջել է 8 տարվա ազատազրկում: Գարուշ Գրիգորյանը նրա համար ավելի խիստ պատիժ է պահանջում:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վարուժան Բալայանը: Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Վարուժան Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում. ապրում են վարձով: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր: