News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մարտի 24-ի կեսօրից մինչեւ մարտի 25-ի կեսօր Հայաստանի տարածքում վտանգավոր քամիներ են սպասվում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիներին զգուշավորության կոչ է անում: «Հիդրոմետ»-ի օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր նաեւ նշել է այն մարզերը, որտեղ քամին առավել վտանգավոր կլինի:

Սպասվող քամու արդյունքում հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով գյուղնախարարությունը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել ջերմոցները. լրացուցիչ ամրացնել դրանց թաղանթապատ ծածկերը, ամուր փակել օդանցքները: Արդեն երկուշաբթի կլիմայական պայմանները կվերադառնան նորմային:

Հայաստանի գլխավոր օդերեւութաբանը նաեւ խոսել է կլիմայական անոմալիաներից. 2017-2018 թվականներն այդ առումով բացառիկ էին: 2017 թվականի ձմեռը չափազանց ցուրտ էր, ամառը՝ չափազանց շոգ ու երաշտային, ինչը, հիշեցնենք, աննախադեպ անտառային հրդեհների պատճառ դարձավ: Իսկ այս տարվա փետրվարն օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաքն էր. օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 6-8 աստիճանով: Տաք ձմեռը նպաստեց, որպեսզի պտղատու ծառերը ժամկետից վաղ ծաղկեն: Սակայն ցրտահարության վտանգ, համենայն դեպս այս պահին, Գագիկ Սուրենյանը չի կանխատեսում: Հավելենք, որ այսօր՝ մարտի 23-ին, Օդերեւութաբանի միջազգային օրն է, ինչի առիթով շնորհավորում ենք բոլոր օդերեւութաբաններին:

Ազգային ժողովում այսօր կրկին արտահերթ նիստ էր՝ օրակարգային 10 հարցով: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սահմանադրական փոփոխություններով: Հանրապետական խմբակցությունն առաջարկել է առանց ընդմիջման աշխատել, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորներն ընդդիմացել են:

Ի վերջո, առաջարկը քվեարկության է դրվել եւ որոշվել է առանց ընդմիջման աշխատել: Իսկ այսօր քննարկման էր ներկայացվել նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է, ինչի արդյունքում նոր կառավարությունում հետեւյալ պատկերը կլինի. կունենանք վարչապետ, առաջին փոխվարչապետ, եւս երկու փոխվարչապետ եւ 17 նախարար՝ այժմյան 18-ի փոխարեն:

Ի դեպ՝ այս նախագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը նաեւ նշել է, որ Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման նոր կարգ է սահմանվում. կգործեն նույն կանոնները, ինչ Ազգային ժողովի պարագայում: Նախարարը վստահ է, որ այդպես աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Այս փոփոխության առիթը, ըստ ամենայնի, փետրվարի 13-ի Երեւանի ավագանու նիստն է, որտեղ միջադեպ էր գրանցվել. ավագանու ՀՀԿ-ական անդամները բռնություն էին կիրառել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ, ինչը լրագրողներն արձանագրել էին:

Ֆրանսիայի Տրեբ կոմունայում 25-ամյա մարոկկացին սուպերմարկետում մարդկանց է պատանդառել: Նա հայտարարել է, որ հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ պահանջել ազատ արձակել 2015 թվականի նոյեմբերին Փարիզում ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալեհ Աբդեսլամին: Ականատեսներից մեկը պատմել է, որ անծանոթը սուպերմարկետ է մտել եւ «Ալլահ աքբար» բղավել: Որոշ ժամանակ անց մարոկկացին ազատ է արձակել պատանդներին: Ահաբեկչության հետեւանքով 3 մարդ է զոհվել: Ավելի ուշ, բանակցություններից հետո, իրավապահները գնդակահարել են նաեւ պատանդառուին: Տրեբից բացի՝ գրեթե միաժամանակ, միջադեպ է տեղի ունեցել նաեւ Կարկասոն կոմունայում. այստեղ անհայտ անձը կրակ է բացել հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ: Մեկ իրավապահ է տուժել: Առայժմ, սակայն, հայտնի չէ, արդյո՞ք այս միջադեպերը կապ ունեն իրար հետ:

Արցախ այցելելու համար ձերբակալված եւ մի քանի ամիս ադրբեջանական բանտում անցկացրած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երեւան է այցելելու: Նա Facebook-ում գրել է, որ Հայաստան է գալու՝ տուրիստական ցուցահանդեսի մասնակցելու: «Պետք է ներկայացնեմ «Լապշինի հետքերով դեպի Բաքու» հեղինակային ծրագիրը, որում ներառված է Մեհրիբան Ալիեւայի անձնական օդանավով թռիչքը, Քուրդահանի բանտում all inclusive հանգիստը եւ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը»,- գրել է Լապշինն ու անմիջապես հավելել, որ կատակում է: Ապրիլլի 20-22-ը Երեւանում նախանշված In Tour Expo 2018 միջազգային ցուցահանդեսին բլոգերը խոսելու է ճամփորդությունների մասին. խոստանում է, որ հետաքրքիր է լինելու:

Լեւոն Արոնյանը, կարծես, վերջնականապես կորցրեց Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչմանը հավակնելու հնարավորությունը: Բեռլինում չեմպիոնի հավակնորդների մրցաշարում արդեն 11-րդ տուրի պարտիաներն են անցկացվում: Իսկ նախորդ 10 տուրերում հայ գրոսմայստերը տարել է ընդամենը մեկ հաղթանակ, կրել է 4 պարտություն, 5 պարտիա էլ ոչ ոքի է ավարտել: Նա 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը:

Արտարժույթի շուկայում վայրիվերումները շարունակվում են: Մարտի 23-ին դոլարը նորից սկսել է արժեւորվել, եվրոն թուլացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 676 դրամ:

Մարտի 24-ի երեկոյան ժամերին, 25-ին եւ 28-ի երեկոյան հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 24-ին 4-5 աստիճանով կբարձրանա, 25-ի ցերեկն ու 26-ի գիշերը՝ նույնքան կնվազի: Երեւանում նույնպես վաղը երեկոյան ժամերին կարճատեւ անձրեւ կլինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ