Պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ մեղադրվող՝  Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

NEWS.am-ի հետ զրույցում Չիլինգարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2016թ.-ին անտառտնտեսությունում արված ստուգումների փաստաթղթերում եղած ջնջումներից:

«2016թ.-ին 31 հազար հա անտառում հայտնաբերվել է ապօրինի հատված 105 ծառ, նման արդյունքի համար մարդուն պետք է շքանշան տան, որովհետեւ մյուս անտառտնտեսություններում մի քանի հազար ապօրինի ծառ է հատվում: Դա արձանագրվել է, որից հետո պարզվել է՝ 11 ծառը հին կտրված ծառերն են եղել, որոնք արդեն իսկ արձանագրված են եղել: Չիլինգարյանը զգուշացրել է այդ մասին ստուգողներին, նրանք էլ ճիշտ չեն գրանցել, ընդամենը ջնջել են իրենց թղթերում՝ առանց համապատասխան նշումներ անելու: Այժմ Չիլինգարյանին մեղադրում են, որ դիրքը չարաշահել է եւ ազդել տեսուչների վրա, որ այդ ջնջումներն անեն»,- ասաց նա:

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում տեսուչներն էլ են ցուցմունք տվել, որ նման բան չի եղել, քննիչներն էլ տեղում տեսել այդ 11 հատված ծառերը, բայց միեւնույն է՝ մեղադրանք են առաջադրել. «Նախաքննության մարմինը մտածել է՝ անտառնտեսության տնօրեն է, պիտի մեղավոր լինի, մի հատ հոդված են հորինել: Չիլինգարյանը պատկառելի անցյալ ունեցող մարդ է, պարզապես ծիծաղելի է առաջադրված մեղադրանքը»:

Պաշտպանը նախաքննության ընթացքում բազմաթիվ բողոքներ է ներկայացրել: Դրանցից մեկը վերաբերվում է այն հանգամանքին, որ Չիլինգարյանը հարցաքննվելիս պաշտպան է խնդրել, մինչդեռ նախաքննական մարմինը չի տրամադրել:

«Որեւէ ցուցմունք իմ պաշտպանյալի դեմ չկա, ապօրինի գաղտնալսում կա միայն, որն էլ նման բան չի ասում: Չիլինգարյանն ընդամենը հարցաքննվելիս առանց փաստաբանի է գնացել, ասել է՝ իմ համերկրացին է, ասել եմ՝ մեղմ վերաբերվի, ուշադիր լինի, ընդ որում նա պաշտպան է ուզել, բայց չեն տրամադրել, նոյեմբերյանցու պարզ խոսքը շուռ են տվել իր դեմ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը և պետությանը:

Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: