News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իշխող կոալիցիան փլուզվեց. ՀՅԴ-ն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կնքված կոալիցիոն համաձայնագրից դուրս գալու մասին: Կուսակցության հայտարարության համաձայն՝ այդ քայլին գնում են՝ հաշվի առնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակը: Դաշնակցությունում կարծում են, որ հիմա Ազգային ժողովը պետք է ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ ընտրի:

Իսկ «Ելք»-ը վարչապետի պաշտոնում արդեն առաջադրել է Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը սատարելու պատրաստակամության մասին հայտարարել է «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը: Եթե խմբակցության մյուս պատգամավորները եւս հետեւեն Զոհրաբյանի օրինակին, Փաշինյանի օգտին կքվեարկի 40 պատգամավոր, իսկ ընտրվելու համար «Ելք»-ի վարչապետի թեկնածուին անհրաժեշտ է 53 ձայն: Եվս 7 պատգամավոր ունի Դաշնակցությունը, սակայն կուսակցությունը դեռ այդ հարցով որոշում չի կայացրել:

Ամեն դեպքում, Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կկարողանան իրենց թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ 53 պատգամավորի ձայն ապահովել: Նա չի բացառում, որ Փաշինյանի թեկնածությանը կողմ կքվեարկեն նաեւ մի շարք հանրապետականներ: Վահրամ Բաղդասարյանը, սակայն, վստահեցնում է, որ ՀՀԿ խմբակցությունը միասնական է, առաջիկայում էլ որոշում կկայացնի վարչապետի թեկնածուի հարցում եւ կհայտնի այդ մասին: Լրագրողները հետաքրքրվել են նաեւ, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնից:

Իսկ պաշտոնաթողությունից հետո երկու օր շարունակ լռություն պահպանող Սերժ Սարգսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նա Հանրապետական խմբակցության պատգամավորներին հրավիրել է հանդիպման՝ հանգամանալից բացատրելու իր հրաժարականի պատճառները, իր դիտարկումները ներկայացնելու կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության եւ բարեփոխման կարեւորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով՝ երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Սարգսյանն ընդգծել է, որ խոսելու է խաղաղության ու կայունության մասին:

Մինչ այդ, երեկ հայտարարվեց, որ Փաշինյանն ու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր դռնփակ հանդիպում են ունենալու: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հանրապետականի իշխանությունը Հայաստանում ավարտված է, եւ այդ կուսակցությունից ոչ ոք վարչապետ լինելու: Կարճ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չի կայանալու: Կարեն Կարապետյանը պարզաբանեց, որ Փաշինյանը միակողմանի նոր պայմաններ է առաջադրել, մասնավորապես, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Նա նաեւ հավելել է, որ պատրաստ են քննարկել իրավիճակի հանգուցալուծման ցանկացած տարբերակ՝ ընդհուպ արտահերթ ընտրությունների անցկացումը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին կողմերին երկխոսության կոչ է արել եւ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ:

Մինչ այդ, Փաշինյանը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակելու մասին: Նրա գլխավորած «Իմ քայլը» շարժման մասնակիցներն այսօր առավոտից նորից երթեր են անցկացրել Երեւանի փողոցներում: Ցուցարարներն այսօր քայլում էին՝ վանկարկելով «ՀՀԿ, հեռացիր» եւ «Նիկոլ, վարչապետ»:

Ակցիաներ են անցկացվել նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Իջեւանի եւ հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի Բագրատաշեն տանող միջպետական ճանապարհը, Վանաձորի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել, բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Գյումրիում: Այստեղ, ի դեպ, ցուցարարներին է միացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Արցախում զինծառայող է վիրավորվել: Արցախի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից թեթեւ վիրավորում է ստացել 20-ամյա Մարտուն Նվերի Խերունցը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Երեւանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Արարատյան փողոցում «Մերսեդես»-ի վարորդը վրաերթի է ենթարկել Նոյեմբերյանի բնակիչներ Գարիկ Աբովյանին եւ Արծրուն Չիլինգարյանին: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինները մահացել են: Իսկ վրաերթից հետո մեքենան բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, ինչի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: «Մերսեդես»-ի վարորդը՝ 59-ամյա Մարտին Գրիգորյանը ձերբակալված է: Նախնական տվյալներով՝ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Ապրիլի 25-ին դոլարն ու ռուբլին փոքր-ինչ թանկացել են, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 586, ռուբլունը՝ 7 դրամ 78 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:

Ապրիլի 26-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումներ են սպասվում, որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ