«Նա մեզ արքա չէ» ակցիաները իրականացվում են մայիսի 7-ին կայանալիք Վլադիմիր Պուտինի երդմնակալության առիթով։ Մի քանի քաղաքներում, օրինակ՝ Վլադիվոստոկում եւ Խաբարովսկում, իշխանությունները ցույցերի անցկացման թույլտվություն տվել են, իսկ մյուս քաղաքներում, ինչպես Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ ոչ։ Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ հայտնի է Բարնաուլում, Կրասնոյարսկում եւ Տոմսկում կալանավորվածների մասին։ Մի քանի քաղաքներում Ալեքսեյ Նավալնիի կողմակիցներին կալանավորել էին մայիսի 5-ի ցույցերի նախօրեին, գրում է «Մեդուզա»-ն։
Չելյաբինսկում Նավալնիի շտաբի համակարգող Բորիս Զոլոտարեւսկին գտնում է, որ ակտիվիստների կալանավորումը քրեական գործի շրջանակներում հարցաքննության պատրվակով իրավապահ մարմինների նոր մարտավարություն է։ Նա նաեւ հայտնել է երեք ակտիվիստների կալանավորման մասին։
Չելյաբինսկում կալանավորվել են Նավալնիի շտաբի կամավորներ Ալեքսանդր Բելյաեւը եւ Դարյա Իգնատենկոն։ Նրանց կալանավորել են գողության գործի հետաքննության պատրվակով։
ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը հրապարակել է հայտարարություն, որում կոչ է արել ակցիայի մասնակիցներին հետեւել օրենսդրությանը եւ չհրահրել ոստիկանությանը, իսկ իրավապահ մարմիններին զսպվածություն դրսեւորել եւ ապահովել հասարակական կարգը, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ կամայական ձերբակալություններից»։
Յակուտսկում ոստիկանությունը ցույցի ժամանակ կալանավորել է 75 մարդու՝ գրեթե բոլոր մասնակիցներին։
Կեմերովոյում կալանավորվել են Նավալնիի շտաբի համակարգող Քսենյա Պախոմովան, նրա տեղակալ Բորիս Պավլովը, կամավոր Դմիտրի Դիդենկոն։ Հայտնի է դարձել, որ Պախոմովային կալանավորել են դատավորին վիրավորելու գործով։




























