News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում բացվել է տարածաշրջանի միակ չինական դպրոցը: Բացման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, Չինաստանի դեսպանի հետ դպրոցի բակում եղեւնի տնկել, իսկ վերջում՝ լուսանկար եւ, իհարկե, վարչապետի սիրելի սելֆին:

Դպրոցում ուսուցումը կիրականացվի տեղական հանրակրթական ծրագրով, իսկ 5-12-րդ դասարանների աշակերտները խորացված չինարեն ուսումնասիրելու հնարավորություն կունենան: Ընդունելության կարգը միայն այսօր է հաստատվել, սակայն նախապես արդեն մեծ թվով դիմումներ են ստացվել: Կրթության նախարարը դպրոցի շուրջ ստեղծված իրարանցումը տարօրինակ է համարում: Նշենք, որ «Հայ-չինական բարեկամության դպրոցի» համար չինական կողմը 12 մլն դոլար է ներդրել եւ կրթօջախն անհատույց նվիրել Հայաստանին:

Հայ-չինական դպրոցի բացումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձել է Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթին: Հնչած մի քանի հայտարարություններ հարցականներ էին առաջացրել, որոշներն էլ՝ քննադատության տեղիք տվել: Նախ՝ Ազգային ժողովը ցրելու վերաբերյալ սահմանադրական փոփոխություն առաջարկելու եւ հարցը հանրաքվեի դնելու մասին: Ասաց՝ դա կոնկրետ առաջարկ էր, բայց կարող են լինել նաեւ հարցի լուծման այլ տարբերակներ:

Անցումային արդարադատությունն էլ, ըստ Փաշինյանի, համաշխարհային ընդունված գործիք է, նույնիսկ իշխանափոխության հենց հաջորդ օրերից միջազգային կազմակերպությունների հետ այս մեխանիզմների մասին քննարկումներ են ունեցել: Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ քննադատել էր օրերս նաեւ Ազգային ժողովի նախագահը՝ մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Արա Բաբլոյանի հետ եւ փարատել մտահոգությունները:

Քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում: Իսկ երկրորդ նախագահի՝ վարչապետ ընտրվելու հավանականությունն անհնար սցենար է համարում: Եվ՝ «Ելք» դաշինքի մասին. Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ դաշինքը չի պառակտվել:

Հայ-թուրքական սահմանի Արտաշատի հատվածում 5 սահմանախախտ է ձերբակալվել: Նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, Արաքս գետով ապօրինի կերպով հատել են Հայաստանի պետական սահմանը: Ստուգման արդյունքում պարզվել է՝ ձերբակալվածները նույն ընտանիքի անդամներ են, ցանկացել են ԵՄ որեւէ երկիր մեկնել: Սահմանի անօրինական հատումը նրանք բացատրում են տեղանքում մոլորվելու հանգամանքով: Ձերբակալվածները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: Հավելենք, որ այս տարեսկզբից հայ-թուրքական սահմանի միայն այս հատվածում ձերբակալվածների թիվն արդեն շուրջ երկու տասնյակ է:

Գեներալ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է: Նրա պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը տեղեկացրել է, որ Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում եւ արդեն մի քանի օր է՝ հետազոտություններ են անցկացվում:

Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացումների մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, հիշեցնենք, եւս 2 ամսով երկարաձգվել է, չնայած պաշտպանները պարբերաբար ահազանգում են նրա առողջական լուրջ խնդիրների մասին: Գեներալի տանն ու ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում ԱԱԾ-ն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, թանկարժեք ավտոմեքենաներ էր հայտնաբերել, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդ:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս: Անդրանիկ Մանուկյանը Facebook-ում գրել է, որ որոշել է թողնել դիվանագիտական աշխատանքը: Ավելին, նա խոստովանել է, որ վերջին տարիներին մի քանի անգամ դիմել է Երեւանին՝ իրեն հետ կանչելու խնդրանքով, սակայն մերժվել է: Դեսպանը գրել է նաեւ, որ Հայաստանում հիմա բոլորովին այլ իրավիճակ է եւ ժամանակն է ճանապարհ տալ երիտասարդներին: Արտգործնախարարությունում, սակայն, առայժմ որեւէ տեղեկություններ չունեն Անդրանիկ Մանուկյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարության ներկայացման մասին:

Բելգիայի թագավոր Ֆիլիպն ընտանիքի հետ Հայաստանում է: Արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, հետեւաբար այլ մանրամասներ հայտնել չեն կարող: ԱԳՆ-ի կողմից, ի դեպ, որեւէ հրավեր չի եղել: Նշենք, որ Ֆիլիպ թագավորը գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսին՝ փոխարինելով հորը՝ Ալբերտ II-ին։

Օգոստոսի 22-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 559, ռուբլունը՝ 7 դրամ 14 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Օգոստոսի 23-ին հանրապետության որոշ շրջաններում սպասվում է թույլ անձրեւ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ