Քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ փետրվարի 3-ի դռնփակ դատական նիստում մերժել է Երեւանի դատախազության բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով գրավով ազատ էր արձակվել Նորագյուղցի Ավետի ազգական Կարեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անթափ վիճակում:
Կարեն Խաչատրյանը Նորագյուղի բնակիչ է, «Արցախբանկ» ՓԲԸ-ի 1-ին կարգի մասնագետ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Դեպքից հետո, Կ. Խաչատրյանը ձերբակալվել եւ տեղափոխվել էր Երեւանի ձերբակալվածների պահման վայր: Քննիչը միջնորդել էր դատարանին, որ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը, սակայն դատավոր Գայանե Կարախանյանը 3 ժամից ավելի խորհրդակցական սենյակում մնալուց հետո, որոշում էր կայացրել 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել Կ. Խաչատրյանին: Նշենք, որ նրա կատարած վրաերթի հետեւանքով մեկ մարդ մահացել էր, 8 մարդ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել էին հիվանդանոց: Ըստ փորձագետների, Կ. Խաչատրյանը երթեւեկել է հանդիպակած ուղով եւ ունեցել է երկրորդ աստիճանի հարբածություն:
Հիշեցնենք, որ Կ. Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ իրենց դժգոհությունն էին արտահայտել դատարանի բակում հավաքված քաղաքացիները, նշելով, որ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու ժամանակ մարդ սպանելու եւ 8 հոգու վիարվորելու համար «մեկ կամայական որոշմամբ» ազատ է արձակում նրան:











Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























