Ներդրումների խրախուսման համար առաջնային նշանակություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի վստահելիության մակարդակի բարձրացումը եր երկրի պոզիտիվ իմիջը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ կարեւոր է սեփականության եւ ներդրումների անձեռնմխելիությունը:

«Սեփականության վերաբաշխումը բերում է նեգատիվ երեւույթներ, չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք: Պետք է նաեւ բացառենք, որ ինչ-որ ներդրման գլխին կարող են հայտնվել տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ:

Եթե որեւէ մեկը կգա ձեզ կասի, որ պետք է փայ մտնեմ, վերեւների հետ համաձայնեցված է, ուրեմն ինքը սուտ է ասում: Մի տատանվեք դիմել իրավապահ մարմիններին»,-ընդգծեց նա: