News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետի որոշմամբ Հրազդան համայնքում իրենց գործունեությունը դադարեցրած գիշերային ակումբների սեփականատերերը հայտնվել են նոր խնդրի առաջ: Քաղաքապետի որոշմանը «հարմարված» ակումբների տերերը փորձել են իրենց գործունեությունը շարունակել բնակավայրերից հեռու գտնվող տարածքներում, սակայն մինչև օրս նրանց հրաժարվում են լիցենզիաներ տրամադրել:

NEWS.am-ին դիմած մի խումբ ակումբների տերեր, որոնք ցանկանում են տարածքներ վարձակալել Երևան-Սևան մայրուղու վրա տեղակայված օբյեկտներում, պնդում են, որ միտումնավոր իրենց լիցենզիաներ չեն տրամադրում: Լուրջ խնդրի առջև են կանգնած հատկապես այն անձինք, որոնք ժամանակին խոշոր վարկեր են վերցրել ակումբային բիզնես սկսելու համար:

Համայնքապետերը նրանց պատճառաբանել են, թե իբր Կոտայքի մարզպետից ներքին հրահանգ են ստացել՝ լիցենզիաներ չտրամադրել և այդ կերպ արգելել նրանց գործունեությունը: Տեղեկություններ են շրջանառվում, որ այս եղանակով գիշերային ակումբների նախկին տերերին փորձում են դուրս մղել շուկայից և կանաչ լույս վառել իրենց ցանկալի նոր գործարարների համար, ասել է թե՝ Հրազդանից դուրս բիզնեսների վերաբաշխում են փորձում անել: Գիշերային ակումբների գործազուրկ դարձած մի քանի տասնյակ աշխատակիցներ մեզ հայտնեցին, որ պատրաստվում են վաղվանից բողոքի ակցիաներ անել Կոտայքի մարզպետարանի մոտ:

NEWS.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Հրազդան քաղաքից դուրս գիշերային ակումբների լիզենզիաների տրամադրմանը խոչընդոտելու դեպքեր իրեն հայտնի չեն:

«Որևէ համայնքի վարչական սահմաններից ներս գիշերային ակումբի լիցենզիայի տրամադրումը բացառապես համայնքի ղեկավարի լիազորությունների տիրույթում է, այսինքն համայնքի ղեկավարն է որոշում ում լիցենզիա տա, ում՝ ոչ: Որևէ միջամտություն այս կոնտեքստում մեզ թույլ չենք տվել և թույլ չենք տա, իսկ թե որ համայնքում լիցենզիայի տրամադրման հարցում ինչ խնդիր կա, ես պարզապես կարող եմ կռահել, որ նախկինում համայնքների ղեկավարները չեն հանդգնել այս թեման առաջ քաշելու և լիցենզիաներ չտարամադրելու»,- ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ Կոտայքի մարզում իրավիճակ է փոխվել և օրենքի գերակայությունն է տիրում:

«Երբ արդեն մարզում օրենք գերակայություն է տիրում, համայնքի ղեկավարներն իրենք են որոշում՝ իրենց իրավասության շրջանակներում որ գիշերային ակումբին լիզենզիա տան, որին՝ ոչ՝ հաշվի առնելով դիմողի վարքը և անցյալում ունեցած համբավը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 13-ին Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտարարություն էր տարածել՝ Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը դադարեցնելու որոշման մասին:

Տպել
Ամենաշատ