News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանն այսօր քննարկել է կառավարության նոր կառուցվածքի նախագիծը ։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հիշեցրին՝ սա այն նույն սուպերվարչապետությունն է, որը ընդդիմադիր «Ելքը» համարել էր կոստյում՝ կարված Սերժ Սարգսյանի համար։ Հիմա այդ կոստյումը մի երկու կոճակի փոփոխությամբ ուզում է հագնել Նիկոլ Փաշինյանը, եւ որպեսզի տեսանելի լինի, թե մինչ հեղափոխությունը եւ դրանից հետո կոստյումը ինչ էվոլյուցիա է ապրել, Էդմոն Մարուքյանը հանեց պիջակը եւ ցույց տվեց փոփոխությունները ։ Մարուքյանը նաեւ պաստառներ էր բերել՝ վիզուալ եւ մատչելի բացատրելու համար, թե ինչ կառուցվածք են իրենք պատկերացնում եւ առաջարկում։ Եվ ընդհանրապես պատգամավորներն այսօր տրամադրված էին իրար լեկցիաներ կարդալու։ Այսպես՝ «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը դասախոսեց Մարուքյանի համար , «Բարգավաճ Հայաստանից»  Գեւորգ Պետրոսյանը ՝ Վահագն Հովակիմյանի համար։

Կառավարության այս նախագծում կարեւոր թվերը բացակայում էին, հայտնի չէ, թե քանի հոգի են գործազուրկ դառնալու, եւ որքան միջոց է խնայվելու։ Այսինքն՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային,- եզրակացրեց Նաիրա Զոհրաբյանը ։

Այս թեմայով «Լուսավոր Հայաստանը» կառավարությանը 9 հարցերից բաղկացած գրություն էր ուղարկել, երեք օր կարդացել են պատասխանը, մի որոշակի միտք չեն գտել։

Այսօր նաեւ կառավարությանը հարցեր տալու օր էր, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց պատգամավորի հարցին, թե ինչու չի հրաժարվում սուպերվարչապետությունից ։

Երեկ մամուլը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետը ներգրավվել է որպես կասկածյալ իր աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ։ Գիշերը Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրեց՝ «Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից» ։ Այդ տեղեկությունը սակայն պաշտոնապես դեռ չի հաստատվել, գլխավոր դատախազն էլ այսօր խուսափեց ուղիղ պատասխանից, բայց նաեւ չհերքեց ։

ԴԱՀԿ նախկին ղեկավարը այժմ հետախուզման մեջ է՝ այն գործով, որը նախկին իշխանությունների օրոք, երբ Արթուր Դավթյանը դատախազ էր, կարճվել է։ Եվ հիմա նույն Արթուր Դավթյանը վերաբացել է այն, ինչու՝ հարցրին լրագրողները ։

«Մարտի 1-ի» գործի քննությունը կընդարձակվի՝ հասնելով 2009-ի դատական ակտերին, այդ ժամանակ դատապարտված անձանց՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի գործերը կվերանայվեն։ Արթուր Դավթյանն ասաց, որ դատախազությունը սկսել է գործընթացը ։

«Արարատցեմենտի» ցույց անող աշխատակիցներին այսօր հանդիպեց Գագիկ Ծառուկյանը։

Աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, որ նրանք ստացել էին, այլևս ուժը կորցրած են, Ծառուկյանն ասաց՝ կարող են պատռել թափել։ Իսկ ծանուցագրեր ուղարկվել էին, քանի որ այդ պահին ինքը վրդովված էր եղել ։ Մի քանի օր առաջ ցուցարաները հայտարարել էին, որ իրենց հրահրում են ճանապարհ փակել եւ բողոքը վարչապետի դեմ ուղղել։ Ով է այդ պրովոկատորը,- հարցրեց Ծառուկյանը, հնչեց անուն՝ գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը։ Իսկ կրճատումների ռիսկն առաջացել էր, երբ տնտեսական հարցերի հանձնաժողովը որոշել էր ներկրվող կլինկերը՝ ցեմենտի հումքը, տուրքից ազատ թողնել։ Ծառուկյանը հայտարարեց, որ նորից կդիմի հանձնաժողովին, որպեսզի տեղական արտադրությունը կարողանա դիմանալ մրցակցությանը ։

Մոսկվայի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Բաքվի եւ Երեւանի վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ապրիլի 15-ին Մոսկվայում մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եւ մթնոլորտից ենթադրել, որ նրանք շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները կատարվեն ։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 483 դրամ, եվրոն 546 դրամ է, բրիտանական ֆունտը 630, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ:

Ապրիլի 18-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Երեւանում  սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի ուժեղ քամով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11+13:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ