Հայաստանում ապրիլի 27-28-ը տեղի կունենա նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ միջազգային կոնֆերանս, որի նպատակն է քննարկել եւ պարզել ներդրումների աղբյուրները։ Այս մասին NEWS- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ «Հայկական նոր միջուկային տեղակայանք- ներդրումների հնարավորություն» անունը կրող կոնֆերանսին կմասնակցեն արտերկրյա տարբեր մասնագետներ եւ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
«Կոնֆերանսի ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ներդրումներ կկատարեն եւ որքան գումարի»,-ասա Ա. Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման առնչությամբ հետաքրքրությունը մեծ է տարբեր երկրների եւ ընկերությունների կողմից։
«Արդեն իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ իր կողմից առնվազն 20% ներդրումներ կկատարի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ նշելով, որ տարբեր երկրներում նմանատիպ կայանների համար ներդրումների չափը իմանալուց հետո Հայաստանի կառավարությունը եւս կհստակեցնի ատոմակայանի կառուցման համար հատկացվող իր մասնաբաժնի չափը։
Նշենք, որ նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները սկսել 2012թ.-ից։ Շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 4-5 մլրդ դոլար։



























