Երբ մարդը տնից դուրս է գալիս, նրա շքամուտքը պետք է մաքուր լինի, վերելակը աշխատի, աղբահանությունը` կազմակերպված լինի, բակը` բարեկարգ, տրանսպորտի կանգառում խնդիրներ չունենա: Նման տեսակետ է հայտնել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 21-ին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքակետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, մայրաքաղաքի բնակելի շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հանձնարարվել էր ներկայացնել հայեցակարգ եւ ֆինանսական մոտավոր գնահատական ներդրումների հետ կապված:

Վերլուծությունների արդյունքում, հաշվարկվել է նաեւ մեքենասարքավորումների այն օպտիմալ քանակը, որն անհրաժեշտ է մայրաքաղաքում պատշաճ մակարդակով սանմաքրում եւ աղբահանություն իրականացնելու համար:

Բակերի բարեկարգման եւ շքամուտքերի վերանորոգման մասով, քաղաքապետի կողմից հանձնարարվել է հստակ ժամանակացույցով կոնկրետ ծրագրեր մշակել, զուգահեռ ներկայացնելով այդ ուղղություններով ֆինանսական ներդրումների ողջ ծավալը:  

Անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու խնդրին, որը հրատապ լուծման կարիք ունի, Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում եւ շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել:

Կենտրոնական հատվածներում տեղակայված շենքերի արտաքին տեսքի հիմնանորոգման եւ բարեկարգման 2011թ-ի ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 67 շենք: Մշակված ծրագրի համաձայն շենքերի բարեկարգումը կառաջարկվի նաեւ գործարար շրջանակներին, որպես ներդրումների փոխհատուցում առաջարկելով արտաքին գովազդի տեղադրման տարածքներ:

Անդրադառնալով Երեւանի կանաչապատման խնդրին, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում այս աշխատանքների կազմակերպումը  պետք է լինի համակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ Երեւանին բնորոշ յուրօրինակ դիզայնով: