«Այն ոլորտները, որ բիզնես տրամաբանություն չունեն. սոցիալական, կանաչապատում, բարեկարգում, ճանապարհաշինություն եւ այլն, պետք է մնան քաղաքին եւ քաղաքի բյուջեին»,-այսօր՝ մարտի 22-ին նման տեսակետ է հայտնել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախագահին կից հանրային խորհրդում: Նշենք, որ այսօր տեղի է ունեցել հանրային խորհրդի հերթական նիստը,որին մասնակցել են նաեւ քաղաքապետն ու փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Երեւանի գլխավոր հատակագծի, գոտիավորման նախագծի վերանայման, կանաչ տարածքների ընդլայնման եւ խտացման, կետային կառուցապատման պրակտիայից հրաժարվելու վերաբերյալ ծավալուն հարցով է հանդես եկել Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Անդրադառնալով կառուցապտմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք հայտարարել ենք, որ քաղաքի կենտրոնում որեւէ շինարարություն թույլ չենք տալու: Բայց մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մեգապոլիսում եւ երբեւէ չենք գալու էն վիճակի, որ առավոտը զարթնենք աքլորի ձայն լսենք, գետի խշշոց լսենք եւ էս ամեն ինչը պետք է հաշվի առնենք»,-ասել է քաղաքապետը:
«Ինչ վերաբերվում է կոմերցիոն շինարարությանն ու ճարտարապետությանը, այո, դա պետք է լինի կոմերցիոն, բայց այդ կոմերցիոն ճարտարապետությունը պետք է ունենա սահմանափակումներ: Կանաչ գոտի չենք տալիս, իսկ ոչ կոմերցիոն շինարարություն նշանակում է՝ քաղաքը չենք կարող զարգացնել: Ամբողջ աշխարհը զարգանում է կոմերցիոն շինարարությամբ: Լոնդոնը, Բրյուսելը, Փարիզը կոմերցիոն շինարարությամբ են զարգանում»,- կարծիք է հայտնել Կարեն Կարապետյանը:
Նա անդրադարձել է նաեւ բիզնեսի նկատմամբ ձեւավորված կարծքին, նշելով. «Բիզնեսի նկատմամբ ունենք ձեւավորված բացասական վերաբերմունք, որ բիզնեսմենը, անպայման, հանցագործ ա, որ ինչ-որ մի օրենք խախտի եւ այլն, բայց դա այդպես չի»:




























