News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Քաղաքական կալանավորում եւ քաղաքական ազատություն։ Արսեն Բաբայանն իրեն  համարում է Հրայր Թովմասյանին հեռացնելու գործընթացի պատանդը։  Երիտասարդ դաշնակցականները շարունակում են պահանջել  կրթության նախարարի հրաժարականը։ Նրանք իրենց հետ աթոռ են բերել կառավարության շենքի մոտ։  Վիգեն Ստեփանյանը զորակցում է բողոքող ուսանողներին։  Արվեստի վաստակավոր գործիչը հիասթափված է։  Վարչապետը Անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել՝ QR կոդը  սատանայի հետ կապ ունի, թե ոչ:  Փաշինյանի խոսքով՝ մտահոգություններ կան։   Ասֆալտին պառկեցնելու  վարչապետի խոստմանը ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է Դավիթ մարգարեի խոսքերով։ Վարդան Ղուկասյանը վախենում է միայն Ահեղ դատաստանից։   Համացանցում տարածվել են Մոսկվայում հայ երիտասարդ գործարարի սպանության վայրի կադրերը։ Աշոտ Բոլյանը կապեր ուներ քրեական հեղինակությունների հետ։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի մասնակցությամբ ասուլիսում հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ պնդումները, թե  ինքը քաղաքական գործիչ չէ, հետեւաբար քաղաքական հետապնդում չի կարող լինել՝ քննադատության չեն դիմանում։  Բաբայանի խոսքով՝ ամբողջ գործընթացի նպատակը այս կամ այն եղանակով Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելն է, եւ այս խնդրում իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասել է, որ փաստերը եւ շարադրված մեղադրանքը ոչ մի ընդհանուր բան չունեն, քննչական մարմինն անգամ «ապացույցներ» չի ներկայացրել դատարան: «Դրանք գոյություն չունեն, ինչպեսեւ «ապացույցներ», որ նա կատարել է հանցավոր արարք: Այսպիսի բան, որ փորձես իրականության հետ կապ չունեցող տեքստը ներկայացնել որպես մեղադրանք, չի եղել: Նախկինում արդարադատությունը երբեք համանման անկում չի ապրել»,- հայտարարել է Երվանդ Վարոսյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը կարծիք է հայտնել, որ նրա կալանավորման հարցում եղել են որոշակի նպատակներ: «Բայց հասկացան, որ Արսեն Բաբայանին որքան էլ կալանքի մեջ պահեն, նա ցանկալի ցուցմունքներ չի տա: Սակայն սա նաեւ ուղերձ է մյուսներին: Թիրախում միայն Արսեն Բաբայանը չէր,- նշել է Լուսինե Սահակյանը:

Կրթության նախարարի հրաժարականի պահանջով կառավարության բակում հավաքված երիտասարդներն այս անգամ իրենց հետ դատարկ աթոռ են բերել։ Նրանք տեղեկացրել են, որ այսօր իրենց են միացել նաեւ «Ապրիլյան պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» հկ անդամները։

Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը զորակցում է ուսանողների բողոքի ակցիային։ Դիտարկմանը, թե նախօրեին վարչապետն ասել էր, թե հպարտ է նախարար Արայիկ Հարությունյանով, հայտնի դերասանն արձագանքել է, որ ինքն էլ հպարտ է այսօրվա երիտասարդներով։ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին։ Չգիտեի ծիծաղե՞ի, թե՞ տխրեի, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը», ասել է Վիգեն Ստեփանյանը:

Ուսանողները կրթության նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրում են եՊՀ-ի բակ՝ պատասխանելու իրենց հարցերին, մայր բուհի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը կոնսենսուսը չի բացառել։ Նախարարի պատասխանին նրանք կսպասեն մինչեւ վաղը կեսօր։

Փարիզում գտնվող Արայիկ Հարությունյանին ֆրանսահայ երիտասարդները դիմավորել են ցույցով եւ հերքել նրա դիտարկումը, թե սփյուռքի դաշնակցականների մոտեցումները տարբերվում են հայաստանցի կուսակիցների դիրքորոշումից։ Նրանք նաեւ պահանջել են քրեական մեղադրանքներ հնչեցնելիս փաստեր ներկայացնել։

Ազգային Ժողովը չի ընդունել Անվտանգության Խորհրդի նիստերին խորհրդարանի նախագահի մասնակցությունը թույլատրող օրինագիծը: Լրագրողների դիտարկմանը, թե մեծամասնություն կազմող «Իմ քայլն» ինչու չի կարողացել ապահովել նախագծի ընդունումը՝  Միրզոյանն ասել է, որ հատուկ ջանքեր չեն գործադրվել  քվե ապահովելու համար, այնուհանդերձ օրինագծի տապալումն իր համար անսպասելի է եղել։

Կառավարության նիստում էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններն ընդլայնելու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ի վերջո պետք է պարզել՝ արագ արձագանքման մատրիցային կամ շտրիխ կոդը, որն առավելապես հայտնի է QR կոդ անունով,  սատանայի հետ կապ ունի, թե ոչ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է նաեւ ժողովրդավարության զարգացման, կայացման եւ պահպանության խնդիրների մասին, ահազանգել, որ արտախորհրդարանական ուժերը չարաշահում են խոսքի ազատությունը եւ պառակտում հասարակությունը։

Այսօր կրակոցներ են հնչել Էջմիածնում. ժամը 10-ին մոտ «Վաղարշապատ» բուժկենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ քաղաքացի է տեղափոխվել: Ըստ Shamshyan.com-ի՝ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արմավիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանատան մոտից։ Այդ վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր: Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանն է: Նրա հայրը՝ Արմեն Առաքելյանը, տարիներ առաջ Ռուսաստանում ազատազրկվել է թուրք սպանելու համար:

Նախօրեին Մոսկվայում սպանված թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը Մոսկվայում հայտնի գործարար էր, կապեր ուներ Չեչնիայի իշխանության, ինչպես նաև քրեական դեմքերի հետ. նա պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ուժային կառույցներում։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել քրեական հեղինակություն՝ «Կայարացի Թևոսիկ» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի, նրա սպանված եղբոր՝ Արթուր Սաֆարյանի ևնրա սպանությունը պատվիրելու համար դատապարտված Իսոյի՝ Իսրայել Սարգսյանի հետ։ Աշոտ Բոլյանը, որ Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր, դատարանում պնդել է, որ Իսրայել Սարգսյանն անմեղ է:

Համացանցում կադրեր են հայտնվել Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Կադրերից երեւում է, որ Աշոտ Բոլյանի մարմինն ընկած է Նախիմովյան պողոտայում գտնվող տան մոտակայքում, ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայրում աշխատել է շտապօգնության բրիգադը: Բոլյանն, ի դեպ, Հայաստանի քաղաքացի էր:

Կարծիք հայտնելու արձագանքը բռնությունն է,  ասել է ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռեն ասֆալտին» եւ «կպառկեցնեն գետնին»՝ բառի բուն իմաստով։

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի էին հավաքվել Ադրբեջանից փախստական հայերը: Նրանք կոչ են անում լուծել բնակարանային խնդիրը: 900 ընտանիքի համար բնակարանի վկայագրով ապահովման նախագիծը պետք է սկսվեր այս տարի, բայց փախստականները մտահոգված են, որ մինչեւ տարեվերջ մնացել է մեկուկես ամիս, իսկ նախագիծը դեռ չի ընդունվել։

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան աճել է եւ կազմել 477.51 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով եւ կազմել 525.36 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը գրեթե անփոփոխ է մնացել՝ 613.60 դրամ մեկ ֆունտի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նույնպես աննշան է փոխվել եւ կազմել է 7.45 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում եւս տեղումների չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +12+14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 13.12.2019
Ի՞նչ էին փնտրում հատուկջոկատայինները Ռուբեն Հայրապետյանի տանը. հարցրեք «պատվերն իջեցնողին»՝ ասում է գործարարը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 12.12.2019
Կրակոցներ Տավուշում. նախկինում դատապարտվածը կրակել է քրեական անցյալ ունեցող մեկ այլ երիտասարդի վրա...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 11.12.2019
Պոլսի հայոց Մայր տաճարի ղողանջներն ավետեցին 85-րդ պատրիարքի ընտրությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 10.12.2019
Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 09.12.2019
«Մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Չեչնիայի նախագահը ԱԱԾ նախկին տնօրենին համարում է ռուս ժողովրդի մեծ բարեկամը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 06.12.2019
Մեղադրանքը կեղծ է եւ ծիծաղելի։ Բարսեղ Բեգլարյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին...
Ամենաշատ