News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն իշխանության համար անկառավարելի դատավորներին ՍԴ-ից հեռացնելն է եւ, որպես վերջնարդյունք, խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նշենք, որ Կառավարությունը, երեկ՝ նոյեմբերի 14-ին, հավանություն տվեց այդ օրենքների նախագծերի փաթեթին եւ այն անհետաձգելի համարեց։

Գոհար Մելոյանի խոսքով՝ այս նախագիծն ի սկզբանե ներկայացվեր էր ՍԴ-ի՝ ի դեմս Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող քաղաքական ճնշումների գործընթացի համատեքստում՝ որպես վեջնանպատակ ունենալով ամեն գնով հեռացնել վերջինիս Սահմանադրական դատարանից:

 «Ուշագրավ է, որ նախագիծն ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվել ամռանը, սակայն այն հանդիսանում էր Դատական օրենսգրքի և հարակից նախագծերի բավականին ծավալուն փաթեթի մի մաս, և հանրությանը մատուցվում էր նախատեսվող դատաիրավական բարեփոխումների, այսպես կոչված վեթինգի իրականացման համատեքստում: Վեթինգի իրականացման նմանաբնույթ ձևաչաձի վերաբերյալ, այսինքն՝ դատաիրավական օրենսդրության բարեփոխման եղանակի միջոցով, գործող քաղաքական ուժը պայմանավորվածություն էր ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի հետ։

Հիշեցնեմ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի այդ փաթեթում ներկայացված կարգավորումներն ակնհայտ այլընտրանքային շանտաժ էին, որոնք բուռն քննադատություններից հետո բավականին ձևափոխվեցին:

Սակայն արդեն իսկ ուշագրավ է այն հանգամանքը, որ անարդյունք սպառելով հերթական ճնշումների թափը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որին ներգրավվել էին իրավապահ մարմինները, սովորույթի համաձայն թևակոխեցինք հաջորդող փուլը:  Հատկանշական է, որ օրակարգում ունենալով օր առաջ ՍԴ-ից անցանակալի դատավորներին մեկուսացնելու հարցը՝ այս նախագիծն առանձնացվել էր դատաիրավական բարեփումների սկզբնական ձևաչափով ներկայացված փաթեթից և երեկ Կառավարության նիստում ներկայացվեց առանձին փաթեթի տեսքով»,- ասաց սահմանադրագետը։

Գոհար Մելոյանը նկատեց, որ անհրաժեշտություն բացակայության պայմաններում՝ այդ նախագծերի փաթեթը համարվեցին անհետաձգելի․ «ՍԴ-ին վերաբերող կարգավորումներ նախատեսող նախագծերն առանձնացվեցին դատաիրավական բարեփոխումների փաթեթից՝ դրանք օր առաջ ընդունելու և որպես հերթական ճնշման գործիք Սահմանադրական դատարանի նկատմամբ կիրառելու միտումով,   ինչի մասին վկայում է նաև նախարարի միջնորդությունը՝ այս նախագծերն անհետաձգելի ընթացակարգով քննարկելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը վերջին օբյեկտիվ, անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ գործող սահմանադրական մարմինն է, որը դեռևս անմասն է մնացել գործող քաղաքական ուժի բոլոր պետական մարմինները յուրայիններով համալրելու քաղաքականությունից: Ավելին՝ արդեն իսկ ՍԴ կազմը համալրած յուրայինը, մեր՝ հարկատուներիս հաշվին շահարկելով ՍԴ-ի դատավորին տրված բորոր սոցիալական երաշխիքները՝ ընդհանրապես չի իրականացնում իր սահմանադրական  գործառույնթներն ու պարտականությունները, ինչը եւ՛ օրենքի խախտում է, եւ՛ արհամարհանք Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ուշագրավ է, որ այս վարքագծին գնահատանք չտալով՝ իրենց սահմանադրական պարտականությունը չեն իրականացնում նաև Ազգային ժողովում գործող խմբակցությունները, այն դեպքում, երբ Հրայր Թովմասյանի պարագայում մեկնարկել և մի շարք ընթացակարգային և բովանդակային կարգավորումների խախտումներով ընդունել էին տխրահռչակ Ազգային ժողովի որոշումը»։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաեւ իրավապահ մարմիններին՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին ներագրավվելուն․ «Ցավալի է՝ իշխանություններն փուլ առ փուլ սպառելով հնարավոր գործիքակազմերը, ՍԴ-ն ոչ կառավարելի դատավորներից մեկուսացնելու եւ որպես վերջնաարդյունք կառավարելի ՍԴ ունենալու գորընթացին ներգրավվեցին նաեւ իրավապահ մարմիններին, որոնց ծավալած գործողություններում թույլ տրվեցին օրենքի և մարդու իրավունքների խախտման դեպքեր: Իհարկե, աբսուրդի թանգարանի նմուշ դարձավ ակնհայտ հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում քրեական գործի հարուցումը, խոսքս՝ իշխանության յուրացման մասին է»։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «Հրայր Թովմասյանը ՍԴ ինստիտուտը գերի է վերցրել», սահմանադրագետը համարեց պոպուլիստական հայտարարություն․ «Շատ ցավալի է, որ նման պաշտոն ստանձնած անձն այդպիսի ամպագոռգոռ հայտարարություններով է հանդես գալիս։ Այստեղ օբյեկտիվորեն Հրայր Թովմասյանը որեւէ կերպ չի կարող գերի վերցրած լինել ՍԴ-ն։ Ես դա գնահատում եմ որպես պոպուլիստական հայտարարություն։ Մեկ տարի Հրայր Թովմասյանին խոշորացույցի տակ պահելով՝ արձանագրվեց այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը պատշաճ կերպով՝ Սահմանադրությանը և օրենքին համապատասխան կատարում է իր պարտականությունները և նախկինում էլ հանդիսացել է օրինապաշտ քաղաքացի։ ՍԴ-ն մեր իրավական պետության վերջին հանգրվանն է, իսկ շարունակվող ճնշումներն ու անլուրջ  և ապօրինի գործընթացներն ուղղակի անթույլատրելի են»։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:

Տպել
Ամենաշատ