Ինդոնեզիայի տարբեր շրջաններում միաժամանակ ժայթքում են վեց հրաբուխ, պարզել է ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով երկրի ՆԳՆ-ի, տրանսպորտի նախարարության և հրաբխագիտության գործակալության տվյալները։
Խոսքը վերաբերում է Անակ-Կրակատաու, Սեմերու, Իբու, Լևոտոբի Լակի-Լակի, Լևոտոլոկ և Սինաբունգ հրաբուխներին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանց ակտիվությունը դիտվում է գրեթե միաժամանակ՝ օգոստոսի 31-ից սկսած։
Միևնույն ժամանակ Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնը (PVMBG) ընդգծում է, որ տեղի ունեցող ժայթքումները «միմյանց հետ կապված չեն», քանի որ յուրաքանչյուր հրաբուխ ունի սեփական մագմատիկ համակարգը։
Կիրակի օրը Սեմերու հրաբուխը կրկին մոխրի սյուն է արտանետել մոտ հազար մետր բարձրության վրա։ Ակտիվ է մնում նաև Անակ-Կրակատաուն։
Վեց հրաբուխներից հինգի՝ Անակ-Կրակատաուի, Սեմերուի, Իբուի, Լևոտոբի Լակի-Լակիի և Սինաբունգի համար նշված է վտանգի երրորդ մակարդակը (քառաստիճան սանդղակով, որտեղ ամենաբարձր մակարդակը չորրորդն է)։ Լևոտոլոկի համար գործում է երկրորդ մակարդակը։





























