News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Առանց մեկնաբանության. Հատուկ քննչական ծառայությունը՝ Սերժ Սարգսյան-Սերգո Կարապետյան առերեսման մասին։ Հակաքոչարյանականի քույրը՝ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր. երկրորդ նախագահի փաստաբանների միջնորդությունը։ Լեւոն Քոչարյանը չի բացառում կուսակցության հիմնումը. երկրորդ նախագահի որդին նաեւ անհնար չի համարում Արթուր Վանեցյանի հետ գործակցությունը։ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործը Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել. Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի 4 հոդվածով։ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի. ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը դիմել է Գլխավոր դատախազին։ «Վերջ տվեք ցինիկ ծիծաղին». Թեհմինա Վարդանյանի պահանջը Հայկ Մարությանից։ Քաղաքապետն անջատել է ավագանու անդամի խոսափողը։ «Քայլող մարդը» կկանգնեցվի Երեւանի կենտրոնում։ Մայրաքաղաքը կունենա նաեւ «Մարտի 1-ի» զոհերի հուշահամալիր։ Ընդդեմ ֆեյք նորությունների եւ ատելության քարոզչության. թեժ քննարկում խորհրդարանական հանձնաժողովում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն առերեսվել են։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի այս լուրը Հատուկ Քննչական Ծառայությունը չի մեկնաբանել։ Հայտնի է, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը։

Երրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով դադարեցնելու հարցը օրերս կբարձրացվի դատարանում, ասել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նույն հարցով փաստաբանը դիմել էր նաեւ Գլխավոր դատախազություն եւ մերժում ստացել։

Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է վերաքննիչ դատարանի նիստի մի մասը փակ անցկացնել՝ պայմանավորված իր հարցի բովանդակությամբ: Դատավորը բավարարել է միջնորդությունը եւ նիստը շարունակվել է փակ դռների հետեւում: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը նախկին նախագահին գրավով ազատելը մերժելու մասին: Դռնփակ քննարկումից հետո նրանք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Լուսինե Աբգարյանին։ այն հիմքով, որ դատավորի եղբայրը սոցիալական ցանցերում հակաքոչարյանական հայացքներով է աչքի ընկնում։ Դատախազները առարկել են միջնորդությանը։ Դատարանի որոշումը կհրապարակի երկու օրից։

Վերաքննիչ դատարանից երկրորդ նախագահի ընտանիքը, ինչպես բոլոր ատյաններում, արդարադատություն է ակնկալում։ Լեւոն Քոչարյանը վաղաժամ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները, որոնք նրա հայրը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կանխատեսում է 2020 թվականին։ Նա ոչ միայն չի բացառում կուսակցություն հիմնելու միտքը, այլեւ անհնար չի համարում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ համագործակցությունը։

Երեւանի առաջին ատյանի դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը։ Գործարարը նոր պաշտպան է ներգրավել, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը պահանջում է հերքել Քոչարյանի հասցեին զրպարտությունը եւ գործարարից բռնագանձել երկու միլիոն դրամ:

Վերաքննիչ դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Պաշտպանները նաեւ բողոքարկել էին դատարանի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության մերժումը:

Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործը քննչական կոմիտեն վարույթ է ընդունել: Քրեական գործը հարուցվել է մի շարք հոդվածներով՝ պաշտոնեական անփութություն, խոշոր չափերով յուրացում, փաստաթղթերի կեղծում եւ այլն: Հիշեցնենք, որ դեպտեմբերի 13-ին 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել էին Ռուբեն Հայրապետյանի տունը։

Կիրակի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ «Իջեւան» բուժկենտրոնից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ կանչով Գանձաքար գյուղ մեկնած հերթապահ խումբը տներից մեկում հայտնաբերել է 2 դի: Ըստ Shamshyan.com-ի՝ իրավապահները տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի եւ 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը: Մահացածները ամուսիններ են:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին: Խաժակյանը նշում է, որ հոկտեմբերի վերջին արձակուրդում գտնվելիս քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները դրել է իր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա, որը հետո ինքն էր մեկնել գործուղման եւ քաղաքային իշխանության ղեկավարի լիազորություններն անցել էին քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, իսկ այդ ընթացքում Մարությանը վերադարձած չի եղել: «Լույսի» ներկայացուցիչն այս հանգամանքը օրենքի կոպիտ խախտում է համարում։

Մի փոքր ավելի մտածված խոսեք, որովհետեւ դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք, եւ դրանով իսկ ձեռնոց նետեցիք ամբողջ առողջապահական ոլորտին, Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանին ասել է «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ Թեհմինա Վարդանյանը։ Քաղաքապետն անջատել է Վարդանյանի խոսափողը եւ նշել, որ կանոկակարգի կոպտագույն խախտում է այլ թեմայով խոսելը

Ամբիոնից ելույթ ունենալու պատճառն այն է, որ ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ դիմացը նստած, ասել է Թեհմինա Վարդանյանը։ Ըստ նրա՝ քաղաքապետը «կիքս» է թույլ տվել` անջատելով իր բարձրախոսը: Վարդանյանը պնդել է, թե Մարությանը «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր սեփականատիրոջ մոտ է աշխատել, նրա հետ Օպերայի «Ջազվեում» գրեթե օրը մեջ բանակցություններ է վարել, որ Whatsapp-ով զրուցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, որի ձայնագրությունն ինքն ունի: Քաղաքապետը հորդորել է հրապարակել այդ տվյալները:

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը։ Որոշումն ընդունել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։ Հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

Քաղաքապետարանը նաեւ 2 մլն դրամ կհատկացնի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։

Խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ատելության հրահրման գծով օրենսդրությունը բարեփոխելու համար աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ Հիմնական զեկուցող՝ «Իմ քայլից» Սարգիս Խանդանյանն ասել է, թե այդ խմբի խնդիրը պորտալների ֆեյք նորությունների եւ ատելության քարոզչության դեմ պայքարն է։

Դուք խոսում եք ատելության խոսքի բացառման մասին, բայց միեւնույն ժամանակ արդարացնում եք սեւ ու սպիտակը, ասֆալտին փռելը, թաթիկներ կտրելը, գուցե դա է՞լ արդարացնեք եւ ասեք, թե դրանք բռնության կոչ չեն, հարցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլից» Մարիա Կարապետյանին։

Եթե աշխատանքային խումբը բարով-խերով ստեղծենք, ապա զեկույցների մեջ կներկայացնենք համաշխարհային փորձը, միջազգային փաստաթղթերի բովանդակությունը, որտեղ սահմանված է ատելության խոսքից պաշտպանությունը, ասել է «Իմ քայլից» Մարիա Կարապետյանը: Նաիրա Զոհրաբյանը հիշել է իր հետ տեղի ունեցած դեպքը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է եւ կազմել 477.43 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.28 դրամով եւ կազմել 531.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.92 դրամով ու կազմել է 636.61 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազելով կազմել է 7.61 դրամ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մինչեւ շաբաթվա վերջ կբարձրանա 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում՝ մառախուղ։ Երեւանում տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +9+11։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ