News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստանում կա ատելության խոսք, եւ այն, որ դա հասել է աննախադեպ չափերի, ոչ մեկի կասկածը չի հարուցում։ Բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի մեր երկրում այդ արատավոր երեւույթի դեմ պայքարի գործընթացում խախտվեն խոսքի ազատության սկզբունքները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ մեկնաբանելով իշխանությունների վերջին օրենսդրական նախաձեռնությունները։

Ինչպես նշեց Աբովյանը, երբեմն այնպես է պատահում, որ լավ ցանկությունների քողի տակ ոմանք ցանկանում ու փորձում են բերել «հակազգային գաղափարներ եւ արժեքներ», ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։ «Բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն, չպետք է լինեն «խոցելի խմբեր»։ Ես նրանց, օրինակ, անվանում եմ «էլիտար խմբեր»։ Խոսքն, իհարկե, երեխաների կամ կանանց մասին չէ։ Ես խոսում եմ միայն այն մասին, որ մենք պետք է պաշտպանենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքները եւ չփորձենք նրանց բաժանել ինչ-որ խմբերի»,- պարզաբանել է Աբովյանը։

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ չի կարելի խրախուսել ատելության տարածումն ու քարոզչությունը, բայց եւ փորձել այդ պայքարի պատրվակի ներքո լուծել իրենց ինչ-որ անձնական նպատակները եւ խնդիրները՝ նույնպես չի կարելի։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունների նախաձեռնությունը որեւէ սպառնալիք չի պարունակում ԶԼՄ-ների գործունեության համար՝ խոսքի ազատության սահմանափակման առումով, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարն ասաց, որ առայժմ չի կարող պատասխանել, եւ առաջարկեց սպասել Ազգային ժողովում թեմայի քննարկումներին։

Նշենք, որ Հայաստանում առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը սեռի, ցեղի, մաշկի գույնի, ինչպես նաեւ խտրականության այլ տեսակների հատկանիշներով։ Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքերում լրացումներ կատարելու այս նախագիծը կառավարության հավանությանն է արժանացել դեկտեմբերի 12-ին։ Քննադատների կարծիքով՝ իրականում խոսքը իշխանությունների նախաձեռնած՝ խոսքի ազատության սահմանափակման արշավի մասին է քաղաքական մոտիվներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ