News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


«Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա». Ռուբեն Հայրապետյանի արձագանքը՝ իր ձերբակալությանը։ Գործարարի փաստաբանը մեկնաբանել է երկրում տիրող դրությունը. «ՀՀ-ն վազելով գնում է դեպի տոտալիտար ռեժիմ»։ «Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է». ռեստորանատերն արձագանքել է վարչապետի՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու առիթով բարձրացրած սկանդալին։ Իշխանության մեծ շնորհքը, ուսապարկը եւ ռեյտինգը. Մարուքյան-Ռուբինյան «փոխհրաձգություն» ասուլիսի ընթացքում։  Երկրորդ Նախագահի փաստաբանական թիմը Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել. նրանք հիշեցրել են հայտնի հեռախոսազրույցների գաղտնալսումները։ Նավթի տակառներ՝ նախագահի նստավայրի մոտ. ի՞նչ էին ուզում ասել Արմեն Սարգսյանին «Ադեկվադ» միաբանության անդամները։ Արթուր Վանեցյանն ընդդեմ վարչապետի ընտանիքին պատկանող կայքի. ԱԱԾ նախկին տնօրենի ներկայացուցիչները հայցադիմում են պատրաստում։

Այսօր դիմակավորված իրավապահները ձերբակալել են գործարար. Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա երկու ընկերներին եւ բերման ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Հնարավոր առավելագույն՝ 3 ժամ, մեկ րոպե էլ ավելի պահելուց հետո նա ազատ է արձակվել։  Հայրապետյանի պնդմամբ, ապօրինաբար իր մեքենան տարել են 6-րդ վարչություն, ինքը մերժել է խուզարկելու պահանջը, քանի որ դա արտոնող փաստաթուղթ չի ներկայացվել։

Իսկ մինչեւ այդ, Հայրապետյանին բերման ենթարկելուց հետո, նրա փաստաբանին երկար ժամանակ չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալի հետ։ Ամրամ Մակինյանն իր պաշտպանյալին բերման ենթարկելու պատճառների մասին իր ենթադրություններն ունի։

Պաշտպանին թույլ չեն տվել հանդիպել, պատճառաբանելով, թե պետը տեղում չէ։ Եթե պետը տեղում չէ ու հնարավոր չէ ապահովել անձանց իրավաբանական օգնությունը, ուրեմն, Մակինյանի խոսքով՝ թող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կազմակերպեն այն ժամանակ, երբ պետը տեղում է:

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Արցախում գտնվող իր ռեստորանում Նիկոլ Փաշինյանի բարձրացրած սկանդալին, ինչի մասին Ֆեյսբուքում պատմել էր նաեւ վարչապետը։  Պաշտպանության բանակում ծառայող որդուն ամբողջ ընտանիքով տեսակցության մեկնած վարչապետը, ընտանիքի անդամների հետ ճաշել է Քարվաճառում գտնվող տեստորանում, եւ երբ հաշվի հետ ՀԴՄ կտրոն չեն ներկայացրել, մեղադրել է նրանց զինվորի հացն ուտելու մեջ, Արցախի հարկայիններին ուղղորդել է տուգանել ռեստորանը։ Զաքարյանը պարզաբանել է, որ ինքը հաստատագրված հարկ է վճարում և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել, բացի այդ էլ ՀԴՄ տպող սարքը չի աշխատել:  Ռեժիսորը նշել է, որ հատկապես վիրավորված է «զինվորի հացն ուտելու» մեղադրանքի համար, ընդգծել, որ  ինքն ու իր ընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել բանակի համար: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է,-ասել է նա:

Թե ԵԽԽՎ համազեկուցողների, եւ թե Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի հայտարարություններն ուղղված են իշխանություններին, եւ ոչ թե Սահմանադրական դատարանի նախագահին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունները հակառակ պատկերն են ներկայացնում։

Գործող իշխանությունն ունի մի հատ մեծ «շնորհք», անիմաստ տեղը, ինչ որ ցածր վստահություն ունեցող որեւէ մեկին դարձնելու հերոս, հայտարարել է Մարուքյանը՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանին:

Երկրորդ նախագահի գործով դատական նիստը սկսվել է նախորդ նիստին փաստաբանների բացակայության փաստի քննարկումով: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ բացակայությունը միակ միջոցն էր՝ ցույց տալու վերաբերմունքը տեղի ունեցածի հանդեպ, հիշեցնելով, որ տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությունը պաշտպանության կողմն ընդունել է որպես սպառնալիք եւ ատելության դրսեւորում: Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ բացակայել է սեփական անվտանգության նկատառումներով:  Հովհաննես Խուդոյանը նշել է, որ դատարանը չի ապահովում դատավարական նորմերը, Արամ Վարդեւանյանն էլ հիշեցրել, որ մի քանի անգամ զրկվել է ելույթ ունենալու հնարավորությունից, ավելացրել, որ դատարանը կողմնակալ է:

Երկրորդ Նախագահի փաստաբանները նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն են ներկայացրել, ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի:

Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ցույցի հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները հայտարարել են, թե նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային շահերին, քանի որ,  նրանց խոսքով, Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային եւ նավթային ենթակառուցվածքներում։ Նրանք իրենց հետ նավթի տակառներ են տարել նախագահական նստավայր, ցանկանալով դրանք փոխանցել նախագահին։

Ակցիայի մասնակիցները Արմեն Սարգսյանին հասցեագրված նամակ են գրել, հույս հայտնելով, որ նախագահը կհամաձայնի իրենց հետ հանդիպել։ «Ադեկվադի» անդամներին միացել էր նաեւ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։

Շնորհիվ այս պայքարի՝ այսօր չկա այն գործիչը, որը պատրաստ է Ստամբուլյան  կոնվենցիան ձեռքը մտնել Ազգային ժողով,  լրագրողների հետ զրույցում ասել է  ստորագրահավաք իրականացնող Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։

Բացահայտվել են կեղծ բժշկական փաստաթղթերով զինծառայությունից տարկետում ստանալու եւ ժամկետից շուտ զորացրվելու դեպքեր, ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2-րդ նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը 4 զորակոչիկների հարազատներից ստացել է 8.500 դոլարի կաշառք: Իսկ միջնորդը զինապարտների հարազատներից՝ կաշառքը վերաբաշխելու համար  ստացել է 45 հազար դոլար:

Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին: Հիշեցնենք, որ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության վարկածին, հուղարկավորության օրը ցանկանում էին թաղման թափորով Հաղթաղ գյուղից հասնել Երեւան։ Մովսիսյանի փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, տեղեկացնելով, որ հայցադիմում են պատրաստում ընդդեմ վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքի։ Ըստ նրանց, լրատվամիջոցը սահմանված ժամկետում չի հերքել հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ...» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով եւ կազմել 478.80 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով  եւ կազմել  529.31 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.89 դրամով եւ կազմել է 623.11 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով եւ հասել 7.57 դրամի։

Փետրվարի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Երեւանում եւս հնարավոր են տեղումներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը` կեսօրից հետո` +5 +7 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ