News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Կարծում էի, թե ցավից եւ սարսափից ճչացող մեկ կնոջ ձայնից չեմ ուշաթափվի, բայց երբ սկսվեց համատարած ողբ ու աղաղակ, ուշագնաց եղա»,-101-ամյա Ելենա Աբրահամյանի խոսքերն են: Նա կենդանի վկան է Արեւմտյան Հայաստանում առաջին համաշխարհային տարիներին տեղի ունեցած կոտորածի, որն աշխարհը գիտի որպես Հայոց ցեղասպանություն:

Ելենա Աբրահամյանը ծնվել է Կարսում, եւ քանի որ գաղթի ճանապարհին կորցրել է իր  փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, հարազատների պատմածով ենթադրում է, որ ծնվել է 1909 կամ 1910 թվականներին: Մասնագիտությամբ նկարչուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, 1944 թվականից Նկարիչների միության անդամ: Հյուծված մարմնով, փոքր-ինչ խամրած լսողությամբ ու տեսողությամբ,  սակայն զարմանալի պայծառ հիշողությամբ կինն ապրում է Երեւանում: Ապրում է մենակ, անտրտունջ, իր հուշերի ու հեղինակած բազմաթիվ կտավների հետ։ Կոտորածի տարիներին հազիվ 7-8 տարեկան է եղել ու վերապրել է հայոց պատմության արյունոտ էջի բոլոր սարսափները:

«Մեր ընտանիքը շատ մեծ չէր, բայց շատ մեծ կորուստներ ունեցավ»,-NEWS.am-ին պատմում է տիկին Ելենան ու դողացող ձեռքը ճակատին դնելով`վերհիշում գաղթի ճանապարհին իր տեսածները: «1918 թիվն էր, երբ թուրքերը մտան Կարս: Քաղաքի եւ շրջակա գյուղերի ողջ բնակչությանը հրահանգվեց շտապ լքել իրենց տները, այլապես նրանց սպառնում էր կոտորածը: Ժողովուրդը մեկ մարդու պես դուրս թափվեց, որը ոտքով էր, որն այլ փոխադրամիջոցով, հիմնականում կանայք էին եւ փոքր երեխաներ: Ժողովուրդը հիմնականում կուտակված էր այն ճանապարհի վրա, որը տանում էր դեպի մոտակա քաղաք՝ Լենինական: Տասնյակ հարյուրավոր մարդիկ ելք էին փնտրում, փորձում էին անցնել Կարս գետը, որի մի ափը մյուսին կապում էր մեկ մետր լայնությամբ մի կամուրջ: Կամուրջն այդ տեղացիները կնքել էին  «մազե կամուրջ» անվամբ, քանի որ շատ էր նեղ: Գետն այնքան էլ լայն չէր, բայց այդ մասում շատ խորն էր եւ ոտքով անցնել հնարավոր չէր: Երբ թուրքը սկսեց մահաբեր կարկուտ  տեղալ՝ գետին հարակից բլրից կրակ բացելով անզեն ժողովրդի վրա, նրանք ստիպված իրենց գետը նետեցին: Տեսա, թե ինչպես սարսափահար եղած երկու երիտասարդ կանայք, երեխաներին գրկած իրենց ջուրն էին գցում: Առաջին սպանվածը, որին ես տեսա, մի փոքրիկ երեխա էր, ով մոր հետ բարձրանում էր բլրի վրա, որ կարողանա առաջ գնալ, քանի որ շոսսեն լիքն էր ամբոխով, տեղ չկար անցնելու:  Տեսա, թե ինչպես նա հանկարծ ընկավ, իսկ մայրը բարձրացնելով նրա արյունոտ շապիկը՝ սկսեց ուժեղ ձայնով ճչալ, ճչալ…»: Տիկին Ելենան պատմեց նաեւ, որ թուրքերը ձորի ճանապարհի ելքը, որով ընթանում էր բազմահազարանոց ամբոխը, փակել էին: Ամբոխը ստիված է եղել հետ  դառնալ  եւ  դեմ հանդիման դուրս գալ թուրքերի արձակած  գնդակների տարափին: Մի մասն էլ փրկվելու համար փորձել է անցնել «մազե կամրջով» ու…ընկել գետը: «Սկսվեց ահավոր աղմուկ, ճչում էր ողջ ժողովուրդը եւ այդ բարձր ճչոցից ես ուշագնաց եղա: Ինչքան եմ մնացել ֆուրգոնի մեջ, հայտնի չէ, բայց երբ արթնացա, տեսա՝ իմ հարազատներից ոչ մեկը չկա: Կողքիս պառկած էր հորեղբորս 4-ամյա աղջիկը՝ Ցողիկը: Երեւի հարազատներս կարծել են, որ ես էլ եմ մահացել եւ Ցողիկին կողքիս էին պառկացրել: Բայց ինձ ոչ մի գնդակ չէր կպել: Թուրքերը, ասեմ, որ կրակում էին մի տեսակ գնդակով, որը պայթում էր մարմնի մեջ. դրան «բում-բում» էին ասում: էդ էլ ռուսներն էին նրանց տվել:  Փոքրիկ Ցողիկը վիրավորվել էր ազդրից, եւ տեսա նրա ամբողջ ազդրը բաց՝ մկանային հյուսվածքները ամբողջովին քրքրված: Ես խոսում էի նրա հետ, բայց ոչ մի ձայն չէր տալիս, անշարժ էր…..արյունաքամ էր եղել»:

Մանկահասակ Ելենան այնուհետ փորձում է փնտրել, գտնել հարազատներին՝ միանալով փողոցում դես ու դեն անող խուճապահար բազմությանը, սակայն չի գտնում: Փորձում է անցնել «Մազե կամրջով», սակայն չի հաջողվում: Կամրջի ծայրին երկար  ժամանակ կանգնած երեխային ժամանակ անց մոտենում է բարձրահասակ, զինվորական շինելով մի խորհրդավոր անձ ու փորձում անօգնական երեխային տանել իր հետ: «Ես էլ տեղումս կանգնած, ոտքս խփում եմ գետնին ու ասում, թե ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, ես իմ հարազատներին եմ փնտրում: Այդ մարդը հանկարծ գրկեց ինձ, իսկ ես շարունակում էի ոտքերով ու ձեռքերով հարվածել նրա մարմնին, եւ հետը տարավ Կարսի բերդի մոտակայքում գտնող շինությունները, որոնք զինվորների համար որպես հանգստատեղի էր ծառայում: Խորհրդավոր մարդը ապակիներով մի շինության մոտ, պատուհանից ինձ ներս գցեց, ու ես, զարմանալիորեն, երկու ոտքերի վրա կանգնեցի, ոչ մի տեղս չցավեց: Սկսեցի սենյակից սենյակ ման գալ ու ամեն մի անկյունում տեսա արյունլվիկ, կեղտոտ փալասների մեջ փաթաթված վիրավոր մարդկանց»: Այդ մարդկանց մեջ էլ գտնում է իր ողջ մնացած հարազատներից մեկին՝ հորաքրոջը՝ ձեռքից վիրավոր: «Իսկ տատս մահացել էր, գնդակը գլխին էր կպել: Նրա  ձեռքին էր եղել հորեղբորս մեկուկես տարեկան տղան, որը տատիս հետ գետնին էր ընկել ու…»:

Այսպես, կորցնելով իր ազգականների մեծ մասին ու ականատես լինելով  գաղթի ճամփի այլ արհավիրքների, 8-ամյա Ելենան հորաքրոջ հետ միասին հասնում է Երեւան եւ սկսում է մանկահասակ աղջկա կյանքը, ով կորցրել էր մորը, իսկ հայրը, ով հայտնի մանկավարժ էր, մաթեմատիկոս, զինվորական, եւ ուսանել է Կոմիտասի հետ,  Թուրքիայում գերության մեջ էր: Նա հետո`1925-ին պիտի վերադառնա Երեւան ու թուրքական գերության տարիների  սարսափներից վաղաժամ ծերացած`պիտի 61 տարեկանում կնքի մահկանացուն:

Ցեղասպանություն  վերապրած գեղանկարչուհու, մանկավարժի լավագույն հիշողությունները կապված են պապի՝ Կարսի եկեղեցու  հովիվ Խորեն ավագ քահանա Ստամբոլցյանի հետ: Նա ժամանակի ուսյալ  հոգեւորականներից մեկն էր,  օժտված ոչ միայն էր գրական, այլեւ նկարչական շնորհով. Նիկողայոս Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին,  հավաքել ավերակների վրա պահպանված զարդամոտիվներն ու որմնաքանդակների գծապատկերները: Տետրը, որում պահվել են դրանք, ինչպես նաեւ այլ ձեռագրեր, թուրքերն այրել են: 1927 թ. մայիսին տեր Խորենը վիրահատական սեղանին կնքում է իր մահկանացուն։ Նրա մահվանից հետո հետագայում հայտնի նկարչուհի դարձած Ելենան հրատարակում է պապի գրական ժառանգությունը, որն ամփոփված է «Պապիս հուշերը» գրքում: 

Հ.Գ. Տիկին Ելենան Ցեղասպանություն վերապրածի դիտանկյունից երկու խոսք ասաց   հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին: Ասաց, որ այդ հարաբերություններն ապագա չունեն, քանի որ թուրքերը սիրում են խաբել, ինչպես հերթական անգամ վարվեցին ստորագրել տալով հայ-թուրքական արձանագրությունները: «Իմ կյանքի ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եմ` հայերը սովորություն ունեն խաբվելու, եւ  ցավալիորեն միշտ  թուրքերի կողմից են խաբվում»,-ասաց նա:

Պատրաստեց` Հեղինե Մանուկյանը

Լուսանկարներն ու տեսագրությունը՝  Անդրանիկ Իսպրյանի


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ