News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր մենք տեսնում ենք քաղաքական ամենաստորին մակարդակի քաղաքական պայքար, որտեղ գործի են դրվում բոլոր տեսակի մեթոդները՝ բանսարկություններ, մատնություններ, լուսանկարների հրապարակումներ եւ կոմպրոմատների տարածում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հաջորդած իշխանության քայլերին:

«Սկսենք նրանից, որ ընդհանրապես քաղաքականությունը որպես այդպիսին, մեղմ ասած, առանձնապես բարոյականության հետ քիչ առնչություն ունի։ Սակայն քաղաքակիրթ երկրները, անցնելով այս անբարոյականությունների ամբողջ հորձանուտով դարերի ընթացքում եկել են խաղի որոշակի կանոնների, որտեղ հնարավորինս քաղաքակիրթ ձեւով են փորձում մրցակցել միմյանց հետ։ Հայաստանում այն, ինչ կատարվում է, կարելի է ասել, որ քաղաքականության արշալույսն է, եթե հաշվի չառնենք մի կարեւորագույն հանգամանք, որ այս շուրջ 30 տարիների ընթացքում քաղաքականությունը որպես մշակույթ պետք է էվոլյուցիա ապրեր, զարգանար, սակայն հատկապես վերջին տարիներին մենք նկատում ենք ոչ թե քաղաքականության էվոլյուցիա, այլ դեգրադացիա՝ այլասերում։ Եվ այսօր մենք տեսնում ենք քաղաքական ամենաստորին մակարդակի քաղաքական պայքար, որտեղ գործի են դրվում բոլոր տեսակի մեթոդները՝ բանսարկություններ, մատնություններ, լուսանկարների հրապարակումներ եւ կոմպրոմատների տարածում, որոնք չպետք է մատչելի լինեին որեւէ մեկին, որովհետեւ դա գաղտնի փաստաթուղթ էր եւ արխիվային նյութ։ Սակայն որքան էլ տարբեր տիպի արդարացումներ հնչեն, ես կարդացի, որ արխիվի պետն է ասել, որ ինձնից դա դուրս չի եկել, միեւնույնն է, ես այն համոզմանն եմ, որ այդ փաստաթուղթը իշխանության լծակներն օգտագործելով ձեռք է բերվել։ Այսինքն, տվյալ դեպքում այս ամբողջ կեղտոտ խաղը կատարվում է իշխանության լծակների կիրառմամբ, եւ փաստորեն Հայաստանում հռչակվել է քաղաքականություն՝ «պայքար առանց կանոնների»»,-ասաց նա:

Իրավապաշտպանի տպավորությունն այնպիսին է, որ այս պայքարում Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հաղթելու է, քանի, որ իր ձեռքի տակ կան ավելի շատ կոմպրոմատներ, սակայն դա այդպես չէ:

«Բայց այստեղ կարեւորը կոմպրոմատները չեն, կարեւորն այն է, որ ուժային ողջ լծակները նրան ենթակա են, եւ նա է որոշում՝ ում պատժել, ում ներել, ում դեմ գործ չհարուցել։ Սա ասում եմ, որովհետեւ եթե մենք ունենայինք անկախ դատաիրավական համակարգ, անկախ դատախազություն, քննչական մարմիններ, ես չեմ բացառում, որ արդեն գործ հարուցված կլիներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչպես Իսրայելում Նեթանյահուի դեմ գործ է հարուցել դատախազությունը: Բայց փաստորեն այս իր ձեռքի տակ ունենալով այդ լծակները, որոնք ինքնուրույն չեն գործում, Փաշինյանին թվում է, թե ինքը հաղթելու է։ Բայց ես հիմա ձեռնպահ կմնամ ասելուց, թե այդ դաժան, կեղտոտ պայքարում ով կհաղթի, որովհետեւ Հայաստանը չունի այն ռեսուրսները ե՛ւ քաղաքական, ե՛ւ գաղափարախոսական, ե՛ւ ընդերքի ռեսուրսներ, որ կարողանաս միայն ռեպրեսիվ մեթոդներով իշխանությունը պահել։ Այնպես որ ամեն դեպքում շատ տհաճ ժամանակաշրջանում ենք ապրում, եւ, ցավոք սրտի, մեր հասարակությանը ի ցույց է դրվում մի ասույթի իրականությունը, որ քաղաքականությունը անբարոյականություն է: Մենք ապրում ենք անբարոյական քաղաքական մրցակցության պայմաններում, որը թելադրվում եւ խրախուսվում է իշխանության կողմից»,- ասաց նա։

Իշխանյանի կարծիքով` Փաշինյանն ուզում է, որ ընդդիմությունն իրեն ենթարկվի, սակայն այդպես չի կարող լինել:

«Երկու խորհրդարանական ընդդիմություններին նա համարում էր, որ նրանք կարող են լինել ձեւական ընդդիմություն։ Սակայն հիշենք, որ մինչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարձակումները, շատ ավելի սուր եղան, հենց «Լուսավոր» Հայաստանի նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ ծեծկռտուք։ Այսինքն՝ ինչ կապ ունի, որ դուք «Իմ քայլ»-ից չեք, պետք է ինձ հպատակ լինեք: Եվ ահա եկավ այդ ժամանակը, երբ ինչ-ինչ չերեւացող պատճառներով նա ցանկանում էր, ենթադրում եմ տարբեր քրեական գործերով վերջնական ծնկի բերել Ծառուկյանին եւ այս, ես չէի ասի սուր քննադատությունը, արդեն հունից հանեց այս անգամ Նիկոլ Փաշինյանին», - հավելեց նա:

Տպել
Ամենաշատ