News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օրվա իրադարձությունն ընդդիմության հանրահավաքն էր՝  վարչապետի հրաժարականի պահանջով ու Հայրենիքի փրկության կոմիտե ձեւավորելու նախաձեռնությամբ։ Նախքան հանրահավաքի սկիզբը ոստիկանությունը պահանջել էր չանցկացնել այն՝ ռազմական դրության դրույթները չխախտելու համար եւ դեռ մինչեւ ժամը 13-ը սկսել էր բերման ենթարկել Ազատության հրապարակում գտվող մարդկանց։

ԱԱԾ աշխատակիցներն էլ այցելել են հանրահավաքի կազմակերպիչներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարան եւ բերման ենթարկել նրան։ Ժամը 21։00–ի դրությամբ Ծառուկյանը դեռ ԱԱԾ–ում էր։ Հանրահավաքի ընթացքում ԱԱծ են հրավիրել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին։ Ավելի ուշ ԱԱԾ–ն բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման է ենթարկել մոտ 130 հոգու։ Հանրահավաքից ժամեր առաջ ոստիկանությունը մեծածավալ ուժեր էր կուտակել հրապարակում։

Հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը մի քանի փորձեց թույլ չտալ հանրահավաքի անցկացումը, տեղի ունեցան բախումներ, արդյունքում ոստիկանների մի մասին հանրահավաքի մասնակիցներն իրենք դուրս հանեցին հրապարակից, մյուսներն էլ ինքնական հեռացան, հանրահավաքը տապալել իշխանություններին չհաջողվեց։

Նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այս դավաճանությունը երկուսուկես տարի պատրաստվում էր։ «Ձեր աչքի առաջ քանդվում էր Ղարաբաղի բանակը։ Ձեր աչքի առաջ մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին», ասել է նա։

Սա ազգային-ազատագրական պայքար է, հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: «Այս պահին ձեւավորվում է ազգային փրկության կոմիտե՝ հայրենիքը փրկելու համար, սա իշխանության համար պայքար չէ։ Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը փրկենք։ Մենք զիջելու հայրենիք չունենք»,- ասել է նա։

Ցավոք, մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների արյունով գծված մեր սահմանները մեկ գրչի հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով եւ այդ մեկ նպատակը մեր Արցախը, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը փրկելն է: Հայ ազգը երբեք չի ընկճվելու, հայ ազգը հաղթող ազգ է եւ անպայման հաղթելու է: Մենք չենք գնալու տուն մինչեւ հասնենք մեր նպատակին»,– ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ մարդկանց ցասումը, Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանն ուզում է ձեւակերպել որպես պետական հեղաշրջում եւ կալանավորի իրենց բոլորին։

Ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք։ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ժամերի ընթացքում պետք է լուծել Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի հեռացումը։ «Քանի որ վարչապետը փախած է, հայտնի չի, որ դեսպանատան նկուղում կամ բունկերում է գտնվում, խորհրդարանը պարտավոր է արագորեն գումարի արտահերթ նիստ և հեռացնել վարչապետին», ասել է դաշնակցական գործիչը։

Այստեղից ցուցարարները շարժվել են ԱԺ՝ արտահերթ նիստի գումարում պահանջելու։

Ճանապարհին նրանք վանկարկել են «Նիկոլ, դավաճան»։ Նաիրա Զոհրաբյանը հեռակա դիմել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ իր խմբակցությունով ներկայանալ խորհրդարան։ Նա դիմել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք, ըստ նրա, տարբեր կապի միջոցներով իրեն ասել են՝ դուք սկսեք գործընթաց, վերջին պահին մենք կմիանանք ձեզ: «Չկա վերջին պահ, սա միակ ու ճակատագրական պահն է», ասել է նա եւ գործընկերների հետ գնացել Ազգային ժողով։

Ազգային ժողովի շենքի մոտ ցույցի պատճառով Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է մնացել մի քանի ժամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը։ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։ Ավելի ուշ ԲՀԿ պատգամավորները հայտնել են, որ ԱԺ խորհրդի նիստ անելու համար 3 քվե է պակասում։

Ժամը 20։00–ի մոտ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է՝ անվտանգությունից ելնելով եւ սադրանքները բացառելու նպատակով հիմա մենք թողնում ենք այս տարածքը, գնում ենք տներով, բայց պայմանով, որ վաղը էլի միջոցառումներ ունենք անելու:

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ԱԱԾ։ Նրա գրասենյակը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի տուն ծանուցում է ուղարկվել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ծառայությունն իր հրավերը երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է:

Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ, Ֆեյսբուքում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Կարծում եմ նրանց պատիժը կլիներ ոչ ավելի դաժան, քան այսօր այդ մարդկանց հանդեպ իրականացնում են Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները... Այս տողերը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ բռնադատում էին մեր պետականաշինության գործում մեծ ավանդ ունեցած ռազմական ու քաղաքական գործիչներին: Այսօր ականատեսը լինելով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, համոզվում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունները պատժում էին ոչ միայն այդ գործիչներին, այլև նրանց առաջնորդությամբ մեր բոլորիս կողմից ստեղծված Հայոց պետականությանը... Արդյունքն ակնհայտ է, բայց, համոզված եմ, ոչ վերջնական: Ամեն ինչ հնարավոր է փոխել», գրել է նա:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում համոզմունք է հայտնել, որ «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ...»։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար», գրել է Արշակ սրբազանը:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Քարտեզում կապույտով պատկերված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գոտին, այլ կերպ ասած՝ տարածքը, որը գրավել է Ադրբեջանը։ Կարմիրով՝ այն տարածքները, որոնք մինչև նոյեմբերի 20-ը պետք է հանձնվեն Ադրբեջանին, կանաչով՝ այն  տարածքները, որոնց վրա գործելու է Արցախի Հանրապետությունը և տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանան պատրաստվում է Վանքի զանգերը, խաչն ու խաչքարերը բերել Հայաստան: Տեր Հովհաննեսն ասել է, որ բեռնատարներ են պետք, շատ բան կա Հայաստան բերելու:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2000 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110687-ի: Այս պահին բուժվում է 40 հազարից ավելի մարդ:

Մահացել է 34 վարակված, որոնցից 7-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 2055 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.63 դրամով ու հասել 493.76 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 583.47 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.18 դրամով ու հասել 656.10 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել է 6.50 դրամ:

Նոյեմբերի 12-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի  ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Մայրաքաղաքում կլինի առանց տեղումների եղանակ։ Այս գիշեր Երեւանում կլինի +2-ից +4, վաղը ցերեկը 13-15 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ