Որոշակի մտորումներից հետո Ադրբեջանում կրկին սկսել են ուռճացնել «Իսկանդերի» թեման: Իրավիճակը շղթայական զարգացում է ապրում՝ իրենք ասում են, իրենք մեկնաբանում:
Առաջին «ծիծեռնակը» Ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցչի հայտարարությունն էր Շուշիի շրջանում 9M723 համարանիշով հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին: Գտածոյի աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°45'38.10 "N 46°44'33.90" E եւ 39 45'27.80 "N 46°45'25.80" E։
Այնուհետեւ նույն հրատարակությունը սկսեց եզրակացություններ անել այն մասին, թե ով, ինչպես եւ ինչից է «կրակել»: Եւ հետո հանկարծ «պարզվում է», որ խոսքը «Իսկանդեր-Մ» մոդիֆիկացիայի մասին է, որն, ըստ էության, ընդհանրապես չկա Հայաստանի սպառազինության մեջ եւ կարծես թե ընդհանրապես չկա՝ Ռուսաստանը արտասահման է մատակարարում միայն արտահանման մոդիֆիկացիա:
«Բացի Ականազերծման գործակալությունից, Ադրբեջանի ոչ մի այլ պետական կառույց եւ կառավարության ներկայացուցիչ չի մեկնաբանում սակրավորների սենսացիոն հայտնագործությունը: Մոսկվայում լռում են: Երեւանում նույնպես չեն արձագանքում գործակալության հայտարարությանը, որը հաստատում է Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը»,- գրում է թերթը: Սակայն տեղեկատվության բացակայությունը չի խանգարում հեռուն գնացող եզրակացություններ անել: Ծավալուն նյութում հեղինակը տարբեր ենթադրություններ է անում, որոնցից հիմնականը քողարկված ակնարկն է այն մասին, որ կրակել է․․․ Ռուսաստանը: «Չէ՞ որ Ռուսաստանը չէր կարող Երեւանին մատակարարել համալիրի ոչ արտահանման տարբերակը: Պետք է կրակեին «Իսկանդեր-Է»-ից: Բայց այս պարագայում ադրբեջանական քաղաքների եւ Շուշիի ուղղությամբ կրակել են ոչ Հայաստանից», - հետեւում է եզրակացությունը:
Եւ այս եզրակացությունը ուղիղ հակառակ է այն բանին, ինչի մասին փետրվարի 26-ին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք չենք արձանագրել «Իսկանդեր» հրթիռային համակարգի օգտագործում, բայց երեկվա հայտարարությունից հետո կրկին հետաքրքրվեցինք եւ տեսանք, որ որեւէ նման բան չի եղել»,- մամուլի ասուլիսում ասել է Իլհամ Ալիեւը:
Թե ինչու են Բաքվում մտափոխվել եւ որոշել «տակառ գլորել» Մոսկվայի վրա, հավանաբար պարզ կդառնա ապագայում:





























