News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ես առիթ ունեցել եմ Արայիկ Հարությունյանին ասելու, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի տեքստերը նույն մարդն է գրում, նույն ոճի մեջ, մեր հերոսապատումը ոչնչացնելու ոճի մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որ 30 տարվա ընթացքում ունեցած հաղթանակը ժամանակավոր հաջողություն էր, իսկ 44–օրյա պատերազմում հայկական կողմը ոչ թե պարտություն է կրել, այլ անհաջողություն ունեցել։

«Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը նույն ոճի մեջ են։ Նայում էի Հարությունյանի ելույթը եւ այն տպավորությունն էր, որ 2020թ.–ի հունիսի Արայիկ Հարությունյանը հառնել է, որովհետեւ անցյալ տարվա այդ ժամանակահատվածի նման էր իրեն պահում՝ ինքնավստահ, հոխորտացող, մարդկանց վրա գոռգոռացող։ Իրեն այդ հնարավորությունը տվեց Հայաստանի՝ հունիսի 20–ի ընտրությունները։ Նորմալ է, իրենք իրենց հենց այդ կերպ էլ պետք է պահեին, իրենց սցենարն է՝ 3 տարի շարունակ մեր հերոսապատումը վերացնելը։ 30 տարի շարունակ էն տղաները, էն հերոսները, որոնք իրենց կյանքն են տվել, իրենք էսօր ի չիք են դարձնում»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ընդդիմադիր պատգամավորին վրդովվեցրել է այն փաստը, որ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում կատարած այցի մասին հրապարակված 10 րոպե տեւողությամբ տեսանյութում, Արայիկ Հարությունյանը շուրջ 2 րոպե է խոսում անվտանգությունից, բայց այդ ընթացքում հասցնում 30 տարվա ունեցածը ոչնչացնել։

«Երեկ ես Արցախի տարածքի մեծ հատվածով էի անցել եւ գրառում էի արել, ըստ երեւույթին Արայիկ Հարությունյանը նաեւ իմ գրառմանն էր այդ կերպ  պատասխանում։ Ես նշել էի, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գնալով շատանում են ադրբեջանական դրոշները, եւ մենք ավելի մոտիկից ենք տեսնում դրանք,  մենք մեր տարածքից տեսնում ենք իրենց կառուցված ճանապարհը դեպի Շուշի, տեսնում ենք ադրբեջանցիների, որոնք մեր ճանապարհներին կանգնած մոշ են ուտում եւ այս պայմաններում խոսել անվտանգությունից, ուղղակի ծիծաղելի է, առավել եւս, երբ  դրա մասին խոսում է  երկրի ղեկավարը։  Ինքն այսօր 10 րոպեից ընդամենը 2–ում էր խոսում անվտանգության մասին եւ հասցրեց 30 տարիները ոչնչացնել, մեղադրել այդ ժամանակվա իշխանությանը, ինչն անում է նաեւ Հայաստանի իր գործընկերը, երեւի հրահանգ է ստացել, որ այսուհետ այդպես պետք է խոսի, մնացած ժամանակը խոսեց փողից, փողից ու փողից, ՀԷԿ կառուցելուց,  ճանապարհները ասֆալտապատելուց։ Ես հասկանում եմ, որ դա անհրաժեշտություն է, բայց այսօր երկրի նախագահը ընդհանրապես կապ չունի երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի հետ, նա երկրի պաշտպանությունով զբաղված չէ, եւ ուշքն ու միտքը փողն է»,–  ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արցախի նախագահը հայտարարել էր նաեւ, որ 44–օրյա պատերազմի ընթացքում «դավաճանություն չի եղել եւ հայկական կողմը կռվել է աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություն»։ Մինչդեռ, 2020թ. հունիսին՝ պատերազմից 3 ամիս առաջ, նա վստահեցրել էր, որ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջությամբ Արցախի օդն է պաշտպանված:

«Այդ մարդու խոսքերը հակասում են իրար, որովհետեւ երբ մարդը ստում է, չի կարող երկար նույն բանի մասին ստել։ Հիմա էլ ասում է, որ մենք մեր երեխաների  համար ավելի լավ հայրենիք ենք ստեղծելու, ամեն անգամ, իշխանություններին հարց եմ տալիս՝ ի՞նչ տարածքներով է մեր հայրենիքը, երբ ասում եք՝ մեր հայրենիքը, ի՞նչ եք պատկերացնում, Ստեփանակե՞րտը, այսօր եթե պատկերացնենք անվտանգություն ասվածը, որ գոնե թուրքին չենք տեսնի կողքներս, դա Ստեփանակերտն է, հերիք է դուրս գալ Ստեփանակերտից եւ հասկանալ, որ ամեն քայլափոխիդ դու թշնամով շրջապատված ես։ Իր խոսքերը, թե դավաճան եւ դավաճանություն չի եղել ցինիզմին հասնող սուտ է, մարդիկ, որոնք եղել են Արցախում, ովքեր եղել են թե՛ քաղաքական, թե՛ պատերազմական բոլոր գործողությունների կենտրոնում, ականատես են եղել դավաճանված հայրենիքի եւ հայրենիքի հանձնմանը։ Իրենք այս ընթացքում փորձում էին մեղքը գցել ինչ–որ ուժերի վրա, ասել, որ մենք պատերազմով չենք պարտվել։ Մեր երեխաներին իրենք սպանդի ենթարկեցին ու հայրենիքը հանձնեցին, ցույց տալով, որ այդ  երեխաները զոհվել են։ Մեր զոհերի մեծ մասը նույնիսկ կռվել չհասցրեցին, դեպի դիրքեր գնացող ճանապարհին են զոհվել, հիմա պատերազմից հետո ականատեսները այնպիսի բաներ են պատմում, որ չգիտեմ դրա մասին լսողը կդիմանա՞, թե` ոչ»,– նշեց պատգամավորը։

Անդրադառնալով խմբակցության այսօր տարածած հայտարարությանը, որով առաջարկում են սահմանադրական փոփոխություններ անել, եւ անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, ապա հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, այնուհետեւ Հանրապետության նախագահի ընտրություններ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս շրջանում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին հասնելու լծակներ չկան։

«Փողոցային պայքարը կարծես թե չի ստացվելու,  որովհետեւ դա մի անգամ օգտագործվել է, եւ ցավոք դրա արդյունքում ունեցել ենք այս իշխանություններին։ Իրեն հեռացնելու այլ տարբերակ չկա, այդ մարդը ամուր կառչած է իր աթոռից, որովհետեւ դրա արդյունքում մեծ գումարներ է աշխատում, դրա համար պետք է գնալ քաղաքական ճանապարհով եւ հասնել իր հրաժարականին անկախ այն հանգամանքից՝ ինքն ուզում է, թե` ոչ»,– հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ