Արդեն տասն ամիս է՝ Հայաստանի և ողջ հայության հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման գլխավոր թեման Արցախյան երկրորդ պատերազմում հայ ազգի կրած ծանրագույն պարտությունն ու դրա պատճառներն են։ Հայ ժողովուրդը փորձում է հասկանալ, թե Արցախյան առաջին պատերազմում տարած փառահեղ հաղթանակից հետո ինչու այս մի պատերազմը ունեցավ բոլոր առումներով նման ողբերգական արդյունք։ Կարծիքները խիստ հակասական և ծայրահեղ կարող են լինել, սակայն մեկ հարցում թերևս բոլորս միակարծիք ենք․ պարտության հիմնական պատճառներից մեկն այն է, որ բանակում ծառայություն են իրականացրել և իրականացնում այնպիսի հրամանատարներ, որոնք անձնական շահերը վեր են դասում հայրենիքից։ Թվում էր, թե նոյեմբերի 10-ից հետո առանցքային պաշտոններ զբաղեցնող զինվորականները պետք է ինքնամոռաց լծվեին բանակի վերականգնման և հզորացման գործին, բայց իրականությունն այլ է։

Մասնավորապես, NEWS.am-ի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են փոխանցել ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործունեության վերաբերյալ։  Այսպես, Արզումանյանը բանակային գործերով զբաղվելու փոխարեն նշանակումից որոշ ժամանակ անց իր բիզնեսն է սկսել, քարի արտահանում է իրականացնում ընկերոջ՝ Արթուր Ավանեսյանի հետ։ Բացի այդ, ըստ լուրերի նա փաստացի իրենով է արել է Քոլատակում բանակի ֆոնդին փոխանցված տներից երկուսը։ Արզումանյանն անգամ իր դիրքից չազդվելով՝ սեփական արտերը հնձելու համար դիմում է ռուս խաղաղապահների օգնությանը, որ միջնորդեն հակառակորդին՝ ադրբեջանցիներին, չկրակել, մինչդեռ նրա պաշտպանության ներքո գտնվող քաղաքացիները մատնված են բախտի քմահաճույքին և գտնվում են մշտական վախի մթնոլորտում․ ամեն պահի կարող են հայտնվել հակառակորդի կրակի տակ, գերեվարվել, զրկվել անասուններից։ 

Արզումանյանը աչքի է ընկնում նաև իր վարած կադրային քաղաքականությամբ․ ՊԲ հրամանատարը բազմաթիվ փորձված հրամանատարերի հեռացրել է ծառայությունից՝ նրանց փոխարինելով յուրայիններով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բաժնի պետ է նշանակել ոմն Ռոբերտ Չաքմազյանին, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս անց սպայական կոչում է տվել ալկոհոլի նկատմամբ մեծ սեր ունեցող հարազատ եղբորը՝ Լեռնիկ Արզումանյանին, իսկ իր մտերիմներից Անահիտ Սարգսյանին տեղափոխել է աշխատելու իր ընդունարանում։ Ասում են՝ կան մի շարք արժանի հրամանատարեր ևս, որոնց ՊԲ հրամանատարը առաջիկայում ցանկանում է հեռացնել ծառայությունից։ 

Ըստ լուրերի՝ Արզումանյանը, ըստ էության խիստ զբաղված լինելով եկամտաբեր բիզնեսով, անհասանելի է դարձել իր անմիջական ենթակաների համար․ տեղակալները կամ հրամանատարները օրերով չեն կարողանում ընդունելության հասնել նրա մոտ կամ հեռախոսակապ հաստատել։ Իսկ վերջերս անգամ նրա մասնակցությամբ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որի մասին Արցախում շատերն են տեղյակ․ Միքայել Արզումանյանն իր օգնականին՝ Սամվել Աբրահամյանին առանց լուրջ պատճառի փողոցում ծեծի է ենթարկել ու հեռացրել աշխատանքից։ 

Հիշեցենք, որ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնն էր զբաղեցրել 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ փոխարինելով ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին, և նրա պաշտոնավարման օրոք է տեղի ունեցել հրադադարի նախօրեին Շուշին հետ բերելու խայտառակ օպերացիան, որտեղ, ըստ զինվորական գործիչների, հրամանատարական կոպիտ սխալների պատճառով հայկական կողմը հարյուրավոր զոհեր է ունեցել։ 

Ավելի ուշ մեզ հետ կապ է հաստատել ՊԲ հրամանատարի նախկին օգնական-վարչական խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Աբրահամյանը և պարզաբանումներ ներկայացրել իր հետ կապված միջադեպի և ծառայությունից ազատման հանգամանքների շուրջ:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նյութը հրապարակելուց հետո որոշ շրջանակներ փորձել են տեղեկատվության սկզբնաղբյուրը կապել իր անվան հետ: «Պետք է հիասթափեցնեմ, որ նման պրիմիտիվ գործելաոճն իմը չէ. եթե ես ասելիք եմ ունենում, ապա այն կրում է ուղիղ և հասցեական բնույթ»,- ասաց նա:

Աբրահամյանը  զավեշտալի համարեց իրեն ծեծի ենթարկելու  տեղեկությունները, բայց նշեց, որ նրանց միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ.  «Անգամ մեծ ցանկության դեպքում նա (նախարարի պաշտոն զբաղեցրած անձը) ինձ հետ բռունցքի ուժով խոսել չի կարող: Շատ փակագծեր չբացելով կարող եմ ասել, որ նախարարի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով իմ և նրա միջև տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Դրան հաջորդել է օրենքի կետերի կոպիտ խախտմամբ ինձ ծառայությունից ազատելը»: