News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքում է ՏԿԱԵ նախարար Գնել Սանոսյանի՝ այսօր լրագրողների հետ զրույցում արած այն հայտարարությունը, թե ինքն Ավետյանին 2019 թ. զգուշացրել է, որ եթե որպես համայնքապետ  բնակիչների կուտակած պարտքերի պատճառով չխզի պայմանագրերը, կամ չդիմի ԴԱՀԿ, ինքն է դատվելու:

«Քանի որ իմ դեմ դատական գործընթացներ են սկսվել, հայտարարել եմ, որ ինձ ասել է, թե դատվելու եմ, որպեսզի հասկանալի լինի իրավիճակը: Ինձ այդ մասին Սանոսյանն ասել է այս տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների հետո՝ դրանից առաջ դատվելու թեմա չի եղել, նման խոսակցություն չի եղել: Մարզխորհրդի ամեն նիստում պարտքերի, հարկերի վերաբերյալ բոլոր համայնքապետերի հետ էլ խոսակցություն եղել է, եւ անձնապես իմ ու իմ համայնքի վրա շեշտը չի դրվել: Դատվել-չդատվելու հարցը միայն ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքին աջակցելու հետ կապ ունի, երբ ինքը պահանջեց ինձնից հրաժարական տալ, ես էլ մերժեցի՝ ասելով, որ ոչ մի հրաժարական էլ չեմ տա, ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինքն էլ ասաց, որ այդ դեպքում ես դատվելու եմ, նման պայման առաջ քաշեց: Բայց չեմ ուզում դրա շուրջ կենտրոնանալ՝ իրենց տրամադրվածությունը պարզ երևում է, հստակ ասել եմ՝ քաղաքական միտումներ կան իրենց քայլերում: Կրկնում եմ՝ այդ բոլոր խոսակցություններն ի հայտ են եկել վերջին ընտրություններից հետո»,- հայտնեց Ավետյանը:

Անդրադառնալով Սանոսյանի այն հակափաստարկներին, թե Գեղամասար խոշորացված համայնքը հիմա էլ Վարդենիսի հետ միավորելու պատճառը խոշորացման արդյունավետությունն ու ծրագրի հաջողված լինելն է, Ավետյանը նկատեց՝ պարզապես փորձում են արդարանալ, թե, իբր, քաղաքական դրդապատճառ չկա:

«Դե որ այդքան լավ արդյունք է տվել խոշորացումը, թող հանգիստ թողնեն այդ համայնքին, շարունակաբար խոշորացման առաջացրած այդ հաջողությունները կավելանան: Բայց եթե ասում են, թե այդ պատճառով ավելի են ուզում խոշորացնել, ես էլ առաջարկում եմ, որ 3 շրջան՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, թող մեկ համայնք դարձնեն, թող ամբողջ մարզը միավորեն մեկ համայնք ստեղծեն, դե տեսնենք ՝ կտա՞ լավ արդյունք, իհարկե ոչ: Շրջանային մոդելի դեպքում, համոզված եմ, արդյունք չի տալու՝ մեր սահմանային գյուղերն անտեսվելու են, ինչպես նախորդ 30 տարում, դժվարություններ կառաջանան»,- նշեց համայնքապետը:

Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ավետյանին մի քանի անգամ է զգուշացրել ու հորդորել՝ կա՛մ իր բիզնեսով զբաղվի, կամ համայնքի խնդիրներով: Գեղամասարի համայնքապետն էլ արձագանքում է՝ կարտոֆիլի մշակման մասին է խոսքը, ինչը, ասում է, բիզնես էլ չի կարելի անվանել՝ այդ աշխատանքներով իր եղբայրն է ամբողջապես զբաղվում:

«Գնել Սանոսյանն իր բարի խորհուրդները թող իր մտերիմներին տա, ես նրա խորհրդի կարիքը չեմ զգում»,- նկատեց Ավետյանը:

Համայնքապետը նշեց, որ իրենց միջեւ երբեւէ բարիդրացիական զրույց չի եղել:

«Նա ինձնից նեղված է, որովհետեւ 2018 թ. ընտրությունների ժամանակ իր կողմից ճիշտ վերաբերմունք չէր եղել իմ համայնքի հանդեպ, անձամբ ինձ հետ, ես էլ նրան ուղիղ ասացի՝ պաշտպանելու եմ «Իմ քայլ»-ին, բայց քեզ ձայն չեմ տալու, իսկ նա մեծամասնականով էր առաջադրվել, ես պաշտպանել էի Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը: Այդ ժամանակվանից նրա մոտ նստվածք է տվել, նեղված է ինձնից: Նույնիսկ ես նրան մի օր ասել եմ՝ եթե անգամ անձնական խնդիրներ ունենք, չպետք է 18 գյուղ տուժի, դրանից հետո նա նույն կերպ է շարունակել: Եթե նա ուզում էր, որ համայնքներում բարեփոխումներ լինեն, թող քննարկեին մեզ հետ, ինչու՞ դա չեն արել, եթե բնակիչների փողոց փակելուց, ԱԺ-ում իմ ելույթից հետո քայլեր չեն ուզել ձեռնարկել, չեն արձագանքել, ի՞նչ է ստացվում՝ ավելի շատ է՞ համայնքի, բնակիչների, իմ ընտանիքի մասին մտածում»,- շեշտեց համայնքապետը:

 

Տպել
Ամենաշատ